ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը։
Առաջին փուլին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից:
Մինչ այդ՝ ապրիլի 10-20-ը «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:
«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: 2009-2016թթ. ծրագրի շրջանակում Հայաստան է այցելել շուրջ 6601 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 54 երկրից:
«Արի տուն» երկշաբաթյա ծրագիրն ամեն տարի իրականացվում է 8 փուլերով, այս տարի՝ հունիսի 18-ից մինչև օգոստոսի 26-ը: 2017թ. նախատեսվում է 13-18 տարեկան 1000 սփյուռքահայ պատանիների ու աղջիկների մասնակցություն ծրագրին:
Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալման 9 և ճամբարային 5 օրերի ընթացքում այցելում են Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, թանգարաններ, հանդիպում են պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Հատուկ ուշադրություն է դարձվում մասնակիցների հայոց լեզվի 5-օրյա արագացված դասընթացներին: