ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոս — Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ տեղի կունենա մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:
Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած կլինի երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և նորաձևության ցուցադրություն:
Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Հայաստանում Քուվեյթի, Բելառուսի և Ղազախստանի հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ՀԿ-ների ներկայացուցիչներն՝ իրենց ազգային տարազների ցուցադրությամբ:
Փառատոնի շրջանակում «Մարաշլյան ֆոտո ատելիեի» և «Տարազ և արտ» ֆոտոլաբի շնորհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու տարազով կամ տարազային միջավայրում:
Փառատոնի երկրորդ հատվածում տեղի կունենա դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կցուցադրեն «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելները:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ն Երևանում՝ Հյուսիսային պողոտայում: