ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Չեննայ (նախկինում Մադրաս) հնդկական քաղաքը կզարդարի Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հուշարձանը, գրում է Times of India–ն։
Առցանց պարբերականի տվյալներով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Չեննայ նոյեմբերին, որտեղ կմասնակցի հուշարձանի հիմնարկեքի արարողությանը։
«Քաղաքը տարածք է հատկացրել Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի համար»,– Չեննայում Հայաստանի հյուպատոս Շիվկումար Էաշվերանայի խոսքերն է մեջբերում Times of India–ն։
Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին բավականին արագ են զարգանում. մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչպես նաև համագործակցության հուշագիր է ստորագրվել, մասնավորապես, կրթական ոլորտում, նշում է Էաշվերանան։
Մադրասում հայերը հիմնվել են դեռ 300 տարի առաջ, և այն ժամանակվանից հայկական համայնքը կարևոր դեր է խաղում քաղաքի գործարար, հասարակական և մշակութային կյանքում։ Հայերը հնուց ի վեր այնտեղ զբաղվել են մետաքսի, թանկարժեք քարերի և համեմունքների վաճառքով, ընդգծեց հյուպատոսը։
Բարեկամության ևս մեկ ապացույց է դարձել Չեննայում բացված Հայկական փողոցը, ինչպես նաև 1712 թվականին կառուցած Սուրբ Մարիամ աստվածածնի եկեղեցին։ Բացի այդ, ինչպես նշեց Էաշվերանան, այդ տարածքում ապրող հայերը հրաշալի հրատարակչի ու առատաձեռն բարերարի համբավ ունեն։