ԵՐԵՎԱՆ, 21 Հուլիս — Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ Հունաստանում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ թվիթերյան էջից:
Ըստ @armembgr-ի նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 21 июля 2017 г.
«Ըստ @armembgr-ի (Հունաստանում ՀՀ դեսպանատուն) նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,– ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310 աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Ըստ նախնական տվյալների` Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը տուժել են հարակից կղզիներում:
Արտասահմանյան մամուլի համաձայն` երկրաշարժը զգացվել է հարակից կղզիներում, ինչպես նաև Էգեյան ծովի թուրքական ափի երկայնքով, սակայն Կոսն ամենամոտն է եղել էպիկենտրոնին:
Երկրաշարժից հետո Կոսի առափնյա հատվածում փոքր ցունամի է առաջացել:
Բոդրում հանգստավայրի մի քանի հին շենքերի վրա ճեղքեր են առաջացել։ Քաղաքի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում։
Երկրաշարժից վախեցած մի քանի բնակիչներ դուրս են նետվել պատուհաններից եւ աննշան վնավածքներ ստացել: