ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 և արևելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:
«Երկրաշարժը խորն է եղել՝ 25 կմ խորության վրա, դրա համար էլ ուղղահայաց ցնցումը զգացվել է։ Այս տարածքում բավական ժամանակ երկրաշարժ տեղի չէր ունեցել, կուտակումներ էր գնում, այնպես որ ինչ–որ չափով սա լավ էր», — Sputnik Արմենիային ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի գլխավոր սեյսմոլոգ Հեղինե Սարգսյանը։