Լաուրա Սարգսյան, Sputnik.
Խորհրդային կինոյի գլուխգործոց «Միմինո» ֆիլմը էկրաններ դուրս եկավ հեռավոր 1977 թվականին։ Մեծ ավիացիայի մասին երազող Թելավիից մի հասարակ օդաչուի պատմությունը գերեց միլիոնավոր հեռուստադիտողների։ Ֆիլմն այնպիսի ճանաչում ձեռք բերեց, որ նրա շուրջ սկսեցին լեգենդներ հյուսել։ Խորհրդային դասական կինոյի մասին է պատմում Sputnik Արմենիան։
«Միմինոն» հայերի մասին էր
«Միմինո» ֆիլմը հայերի մասին էր։ Համենայնդեպս, այդպես էր համոզված հայտնի վրացի դերասան Իպոլիտ Խվիչիան։ Ֆիլմում նա մարմնավորել էր Թելավիից գլխարկներ պատրաստող Կուկուշկայի` գլխավոր հերոս Վալիկոյի (խաղում էր լեգենդար Վախթանգ Կիկաբիձեն) ընկերոջ դերը։
Մի օր Թելավիում «Միմինո» ֆիլմի հերթական դրվագներից մեկի նկարահանումներից հետո Խվիչիան ինչ–որ գործնական հարցերով ժամանել էր «Գրուզիա–ֆիլմ» կինոստուդիա։ Այն ժամանակ այսօր արդեն հայտնի վրացահայ ռեժիսոր Լևոն Ուզունյանը նոր էր սկսել կինեմատոգրաֆում իր առաջին քայլերն անել։ Խվիչիան միշտ հայրաբար է վերաբերվել երիտասարդներին։ Երիտասարդ հային տեսնելով՝ մոտեցավ նրան։
«Նա ասաց՝ գիտես, Դանելիան հայերի մասին ֆիլմ է նկարահանում։ Ես հարցրեցի. «որտեղ են նկարահանումներն արել` Հայաստանու՞մ», ի պատասխան նա ասաց, որ Թելավիում։ Այդ ժամանակ ես ասացի, որ այդ դեպքում ֆիլմը միայն հայերի մասին չէ, այլև վրացիների։ Խվիչիան պատասխանեց. «Ֆիլմում Ֆրունզիկն է նկարահանվում, իսկ դա ամբողջ Հայաստանն է»»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ուզունյանը։
Այդպես հայրաբար կատակեց Խվիչիան, սակայն նրա խոսքերից հետո դեռ երկար էին լուրեր շրջանառվում այն մասին, թե իբր «Միմինոն» հայերի մասին է։ Երբ ֆիլմը էկրաններին դուրս եկավ, հանդիսատեսը համոզվեց. ֆիլմը ժողովուրդների բարեկամության մասին է։
«Միմինոյից» մի շարք դրվագներ են հանվել, ասում է Ուզունյանը։ Օրինակ, ռեժիսորը մի վառ տեսարան էր նկարահանել վերելակում, երբ Վալիկոն և Ռուբիկն իջնում են հյուրանոցի նախասրահ։ Վերելակում մեծ ակնոցներով միանման հագնված հինգ ճապոնացիներ կային։ Նրանք նայում են հերոսներին ու ճապոներեն ասում. «Տեսեք, այս ռուսներն այնքան նման են իրար, որ տարբերել չես կարող։ Կարծես եղբայրներ լինեն»։
Դանելիային հաջողվեց ոչ պարտադրողական և միևնույն ժամանակ, նուրբ կերպով, մանր թվացող որոշակի կենցաղային դետալների միջոցով ցույց տալ խորհրդային մարդու կյանքը, ինչպես ասում էր՝ ողջ ճոխությամբ։ Այն դրվագը, որում Վալիկոն զանգահարում է ընկերոջը Թելավի և 5 աստղանի համար է հավաքում` արդյունքում Թել– Ավիվ զանգահարելով, վառ կերպով ցուցադրում է այդ դարաշրջանի մարդու էությունը։
«Խորհրդային մարդը, որը վախենում է Արևմուտքից մարդու հետ խոսել՝ անկախ նրանից, որ նա իր հայրենակիցն է, բավականին լավ է այստեղ ցույց տված»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի վրացի լուսանկարիչ, Թբիլիսյան շրջանի Փարաջանովի կենսագիր Յուրի Մեչիտովը։
Նրա խոսքով` Դանելիան հանճարեղ ֆիլմ է նկարահանել, քանի որ կարողացել է փոքր դետալների միջոցով մի մեծ պատմություն պատմել։ Ֆիլմում դատարկ, անցողիկ կադրեր չկան, յուրաքանչյուր դետալ խորհրդանշում է խորհրդային կարգերը, այն ժամանակվա մարդուն ու նրա կենցաղը։
Նկարահանումների ընթացքում ֆիլմի հեղինակները, իհարկե, բախվել են մի շարք դժվարությունների։ Կիկաբիձեի համար տեսարաններից մեկն (երբ Վալիկոն ընկնում է) ավարտվեց հիվանդանոց ընկնելով։ Բուբան գլխով խփվում է մայթեզրին ու վնասվածք ստանում։ Այդ միջադեպից հետո նկարահանումները ստիպված եղան երկու ամսով հետաձգել։
Դիլիջանի ջուրը, որը հայտնի դարձրեց վրացին
Այսօր հաճախ կարելի է լսել «Միմինո» ֆիլմի հումորային ցիտատները։ Իսկ նրանում, որ Դիլիջանի ջուրը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Սան–Ֆրանցիսկոյից հետո, շատերը մինչև օրս են համոզված։
Պարզվեց, որ Դիլիջանի ջուրը հայտնի դարձավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական պարգևի դափնեկիր, մանկավարժ Գիա Կանչելիի շնորհիվ։
««Միմինո»–ի նկարահանումներից հետո Կիկաբիձեն, Դանելիան և Մկրտչյանն աշխատում էին կրկնօրինակման վրա։ Այդ ժամանակ ես մեկ այլ ֆիլմի վրա էի աշխատում «Մոսֆիլմում»։ Ֆրունզիկն ու Բուբա Կիկաբիձեն կրկնօրինակում էին ջրի մասին դրվագը։ Քանի որ Ֆրունզիկը ծննդով Լենինանականից էր, նրանք Դանելիայի հետ պայմանավորվել էին, որ վերջինս կասի, որ լավագույն ջուրը Լենինականում է»,– Sputnik Արմենիային պատմեց Կանչելին։
Սակայն Կանչելին, որին Դիլիջանի հետ շատ բան էր կապում, համոզեց Դանելիային մի փոքր փոխել արտահայտությունը։ Փոխարենը Դանելիան խնդրեց Կանչելիին իրեն տալ նրա սև շապիկը։ Այնպես ստացվեց, որ վրացի կոմպոզիտորը հանրաճանաչ դարձրեց Դիլիջանի ջուրն իր սև շապկի դիմաց։
Առանձնահատուկ սեր Հայաստանի և Դիլիջանի նկատմամբ տածում է նաև Ռեզո Գաբրիաձեի կուլտային ֆիլմի սցենարի համահեղինակը։
«Ես շատ եմ կարոտում Հայաստանը, քանի որ շատ ընկերներ ունեմ, բացի այդ, այն հրաշալի մարդ ու դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի հայրենիքն է։ Ուրախ եմ, որ 40 տարի անց ֆիլմը, որը մենք ստեղծել ենք Դանելիայի հետ, դեռ հետաքրքիր է մարդկանց»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գաբրիաձեն։
«Միմինո»–ի հերոսներին հավերժացրել են
Թբիլիսիում կամ Դիլիջանում հայտնվելով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր պարտքն է համարում լուսանկարվել «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ։
2011 թվականի հուլիսի 5-ին Զուրաբ Ծերեթելու ստեղծած արձանը պատկերում է Վալիկոյին, Ռուբիկին և Վոլոխովին ու տեղադրված է Ռուբիկի հայրենիքում` Դիլիջանում։ Հուշարձանի բացմանը ներկա էր նաև Վախթանգ Կիկաբիձեն. միակը հայտնի եռյակից, որն այսօր ողջ է։
2011 թվականի հոկտեմբերի 14-ին ֆիլմի հերոսներին ու ռեժիսորին նվիրված արձան է տեղադրվել նաև Թբիլիսիում` Հավլաբարի հրապարակում։