ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Այսօր ժամը 11-ին Արցախի Ազգային ժողովում սկսվեց Խորհրդարանի հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվի երկրի նախագահը:
Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված՝ Խորհրդարանը անցումային շրջանում կընտրի նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Նոր Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը մեկ անգամ ստանում է երկրի նախագահ ընտրելու իրավունք:
Այսօր Արցախի ԱԺ հատուկ նիստում սկզբում կձևավորվի հաշվիչ հանձնաժողով, հետո թեկնածուները 1-ական ժամ ելույթ կունենան ու կներկայացնեն իրենց ծրագրերը:
Ելույթներից հետո ԱԺ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել թեկնածուներին, որից հետո թեկնածուները ևս 15-ական րոպե կունենան ելույթի համար:
Դրան կհաջորդի փակ գաղտնի քվեարկություն: Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ձայների 2/3 մասը:
Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ, քան 57 օր առաջ:
Ըստ այդմ, ընտրված թեկնածուն իր պաշտոնը ստանձնում է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը: Պաշտոնի ստանձնման օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձևավորի կառավարություն և հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը: Կառավարության կազմավորումից հետո 20- օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործունեության ծրագիրը:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատգամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։
Sputnik Արմենիայի թղթակիցը գտնվում է Ստեփանակերտում և տեղում հետևում է Արցախի Խորհրդարանի հատուկ նիստին։ Մենք պարբերաբար կներկայացնենք այնտեղ կատարվածը։