Հասմիկ Շամցյան, հատուկ Sputnik-ի համար
Թմբլիկ կանայք, որոնք համարձակորեն մերկանում են հանդիսատեսի առաջ, հայի քթով սամուրայ, երևակայական էակներ և այլն…Այս ամենը հանկարծակի բացահայտում եք` թերթելով նկարիչի ստեղծագործությունների հավաքածուն, որը տանում է սյուռեալիզմի խենթ աշխարհ։ Նկարների հեգնական անվանումները, որոնք գրեթե ծաղրական են, առանձին հաճույք են պատճառում։
Տարոնի գործընկերները հարգանքով, ժամանակ առ ժամանակ նույնիսկ զարմանքով են խոսում նկարելու նրա արտասովոր ոճի մասին։ Իսկ հենց ինքը՝ նկարիչը, դրանում արտասովոր բան չի տեսնում. «Ինձ համար կարևոր է դիմանկարը, որն ամենասկզբում մանրամասն նկարում եմ մատիտով, դրանից հետո նկարում եմ մնացածը, հետո գունավորում եմ։ Երբեք բնօրինակից չեմ նկարում, իմ բոլոր կերպարները մտացածին են, թեև իրենց սկիզբն առնում են ժողովրդից»։
Այս ամենը ստեղծողը փոքր ժամանակ տարված էր քանդակագործությամբ, մինչդեռ նա չընդունվեց Թերլեմեզյանի ուսումնարանի դիզայներական բաժին։ Խորհրդային տարիներին դիզայներն այդքան հարգի մասնագիտություն չէր։ Երիտասարդ Տարոնը շատ ջանք չէր թափում, ինչպեսև Երևանի թատերական ինստիտուտի և երկու բանակային տարիներին, ուր նա խենթանում էր անվերջ Լենինին նկարելուց։ Այնպես որ, ամբողջ 12 տարի ապագա նկարիչը չէր խորանում գեղանկարչության նրբությունների մեջ։ Ահա եկավ 1991 թվականը, ուղևորությունը դեպի Փարիզ, ծանոթությունը ֆրանսիական թանգարանների և պատկերասրահների հետ սկիզբ տվեցին մասնագիտության մեջ խորասուզման գործընթացին, որը լայն ճանաչում բերեց։
«Լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, երբ ես փարիզյան թանգարաններում հայտնվեցի»,- շարունակում է Տարոնը,- «և ապշած էի, երբ Մովանսի պատկերասրահում (Gallery Mouvance) ինձ առաջին անգամ առաջարկեցին ցուցահանդես կազմակերպել։ Պատկերասրահի աշխատակիցներից մեկը՝ ֆրանսաբնակ հրեան, տեսնելով նկարներս՝ երկուսը յուղաներկով և երեք գրաֆիկա, միանգամից կախեց դրանք իր մոտ։ Հաջորդ օրը դրանք վաճառվեցին։ Այդպես էլ նրանից առաջարկ ստացա անհատական ցուցադրություն կազմակերպել։ Վերադառնալով Երևան, ավելի լուրջ սկսեցի զբաղվել գեղանկարչությամբ։ Նկարում էի ընկերոջս արվեստանոցում, քանի որ սեփականը չունեի։ Կես տարի անց իմ անհատական ցուցահանդեսը կայացավ, որը մեծ հաջողություն ունեցավ։ Երկու օրում բոլոր աշխատանքները վաճառվեցին։ Պատկերասրահի համակարգողն ասաց, որ դա իր մոտ առաջին անգամ էր։ Այդ օրվանից ես սկսեցի լրջորեն նկարել»։
«Լրջորենը» ոչ միայն սյուժեներն ու տեխնիկան են, այլև կտավների նյութական որակը.
«Նկարի մակերեսը շատ կարևոր է։ Երբեմն, որոշ նկարիչների աշխատանքներում անփութություն եմ նկատում, որն ինձ դուր է գալիս։ Նախկինում չէի մտածում դրա մասին, մինչդեռ չտեսա Պիկասոյի և Միրոյի բնօրինակները։ Այն ժամանակ հասկացա՝ ինչ է նշանակում լուրջ վերաբերմունքը մակերեսին։ Նայելով գրքային վերարտադրություններին՝ մտածում էի, որ Պիկասոն անփույթ է վրձնախազվածքներն արել։ Իրականում երևում է, որ նա մի նկարում մի քանի տեխնիկա է օգտագործել։ Եթե նկարը ապրանք համարենք, ապա այն պետք է բոլոր տեսակետներից կատարյալ լինի։ Բայց ես չեմ դադարում սովորել՝ մշտապես սովորելով գեղանկարչության նրբությունները»։
Մովանսի պատկերասրահի հետ Տարոնն աշխատել է 18 տարի։ Հիմա նրա արվեստը ներկայացնում է ժնևյան Bel-Air Fine Art պատկերասրահը։ Ինչպես և նախկինը, այն պայման է դրել՝ չաշխատել ուրիշների հետ։ Այս անգամ նկարիչն ըմբոստացավ՝ ասելով, որ հայրենիքում նա կաշխատի ում հետ ցանկանա։ Նրանք համաձայնեցին։ Հիմա նրա նկարները կարելի է տեսնել «Արամում»։
Լուսանկարչի սյուժեներն ու ստեղծագործական քայլերը բազմաթիվ հարցեր են առաջացնում, սակայն, իրականում, ամեն ինչ շատ պարզ է։««Իզմերը» հորինվել են այն բանի համար, որ նկարիչներն իմանան՝ ինչով են զբաղվում։ Ես դրան այդքան էլ լուրջ չեմ վերաբերում։ Թող իմ նկարների մասին մտածեն՝ ինչ ուզում են։ Հավատացեք, գաղափարախոսություն չկա։ Ես միշտ ասել եմ դրա մասին։ Բայց երբ ցուցահանդեսներին ինձ հանդիսատես է մոտենում ու խոսում իմ նկարների իմաստի մասին, ես ոչ ոքի հետ չեմ վիճում։ Դա ընդունված է, երբ մարդիկ իրենց պատմություններն են հորինում»,- ամփոփում է նկարիչը։
Տարոն Մուրադյանը լայն հնարավորություններ է տալիս՝ բացահայտելու նոր աշխարհներ, որոնք հիմնված են հազարավոր ծանոթ կերպարների, բնավորությունների և պատմությունների վրա։ Ինքը՝ նկարիչը, նախընտրում է չխառնվել այդ գործընթացին։ Դրա պատճառով խելացի հանդիսատեսի համար այդ դիտարկումը հետաքրքրաշարժ արկած է դառնում։