ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Մախաչկալայում այսօր տեղի կունենա Դաղստանցի ու Չեչնիայի լեռնաբնակներին միավորող Իմամ Շամիլի հայ կնոջ` Շուայնաթի մասին պատմող «Սրտի տիրուհին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Այս մասին հայտնում ՌԻԱ Դաղստանը։
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Նազիրա Ալիևան նշել է, որ ֆիլմը նվիրված է Իմամ Շամիլի ամենասիրելի կանանցից մեկին` Շուայնաթին։ Ֆիլմում պատմությունը ներկայացվում է առաջին դեմքից։ Կինը, պատուհանի մոտ կանգնած, պատմում է իր կյանքի մասին։
«Նա շատ հետաքրքիր պատմություն ունի. հայուհին Մոզդոկից է, մեծահարուստ առևտրական Ուլուխանովի դուստրը։ Նա գերի է ընկել Իմամ Շամիլի մոտ, բայց հարազատների մոտ վերադառնալու հնարավորություն է ունեցել, սակայն Շույնաթը որոշել է մնալ Շամիլի հետ», – պատմել է Նազիրա Ալիևան։
Ֆիլմը նկարահանվել է Դաղստանի տարբեր շրջաններում։
«Երբ մենք ֆիլմի համար տեղեկություն էինք հավաքում, շեշտը դրել էինք պատմաբաններ Բուլաչ Գաջիևի ու Հաջիմուրադ Դոնովի հրապարակումների վրա։ Բացի այդ, սցենարը գրելու ժամանակ ես օգտագործել եմ Շամիլի` գերի ընկած սպասուհու Աննա Դրանսեի ու Կալուգայում Իմամի օրոք պրիստավ աշխատած Ապոլոն Ռունովսկու օրագրի գրառումները։ Ընդհանուր առմամբ մեկ տարի ծախսեցինք ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելու համար», – ասել է Ալիևան։
Ֆիլմը «DL Production»–ի հետ համատեղ նկարահանել է «Դաղստան» հեռուստաընկերությունը։