«Հայաստանի լեգենդները» խորագրով նախագիծը հիշեցնում է այն պատմությունները, որոնց դարեր առաջ հավատացել են մեր նախնիները, ու որոնք հիմա հեքիաթներ են մեզ համար:
Լուսին երեխա
Անհամբեր մի երեխա էր լուսինը: Մի օր, երբ մայրը խմոր էր անում, գալիս, մորից հաց է ուզում: Զայրանում է մայրը, խմորոտ ձեռքով ապտակում է լուսնին։ «Երբեք չկշտանաս»,-լսվում է մոր անեծքը: Ապտակից լուսինը երկինք է բարձրանում, դեմքին՝ խմոր, որը չի մաքրվել մինչ օրս: Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, խավարում՝ երբ քաղցում է:
Լուսին թագուհի
Արևը թագավոր է, լուսինը ՝թագուհի: Լուսինը շրջում է այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է, որ ոչ ոք չտեսնի իր գեղեցկությունը: Նա զբոսանքի է դուրս գալիս աստղերի հետ: Նրանք Լուսնի կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են: Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհում ապրող բոլորին, հետո ամաչում է, երբեմն կարմրում ամոթից ու շղարշում դեմքը: