«Փաստ». Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն
Չնայած ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի մեկնարկի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի… արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծումը», կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:
«Այսպես՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը», — գրում է «Փաստ» թերթը:
Այլ հարց է, այս փոփոխությունն ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին, և ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, թե քանի հայ է վերջին տարիներին հատկապես մարզերից հեռացել Հայաստանից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա կարելի է պատկերացնել, թե հողային ինչ քանակի աճուրդներ կարող են լինել առաջիկայում:
«Առավոտ». Հայաստանն է հայտնվել ձեռնտու իրավիճակում
Հայաստանը, որպես սաուդցիների կողմից արհամարհվող և ոչնչացման ենթակա պետություն դիտարկվող երկիր, հասկանում է, որ այս հակամարտությունում գոնե տնտեսապես կարող է մի փոքր շահել:
Կատարում սննդային դժվարություններ կարող են առաջանալ, և Հայաստանը կարող է մասնավորապես միս և ջուր արտահանել:
Խաղաղ պայմաններում Հայաստանը Կատարի համար բացարձակապես անհետաքրքիր մի տարածք է, որ նրա մերձավոր դաշնակցի ՝ Թուրքիայի հակառակորդն է և շիական ոչ բարեկամի ՝ Իրանի բարի դրացին:
Ստեղծված իրավիճակում ոչ թե հայ-թուրքական-իրանական շահերն են համընկել, այլ Հայաստանն է հայտնվել ձեռնտու իրավիճակում, որից, կարծես թե, փորձում է օգտվել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը` անդրադառնալով վերջերս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Դոհա կատարած այցին:
«Իրավունք». Դեմ են Հովիկ Աբրահամյանի կատարողականի՞ն
ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ուշագրավ է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես «Ծառուկյան» դաշինքը նույնպիսի բացասական տրամադրվածություն ուներ բյուջեի կատարողականի հանդեպ, ինչպես վերաբերում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին:
Մինչդեռ, ըստ էության, կատարողականում արտացոլված թվային նվազումներին, ամենևին էլ չի պատրաստվում նոր կառավարությունը տեր կանգնել՝ հաշվի առնելով այն, որ բյուջեի կատարողականն ավելի շատ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքի արդյունքն է:
Չէ որ նախորդ տարվա սեպտեմբերին Կ. Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը և 100 օրը լրացնելով էլ տարին փակվեց:
«ՀԺ». Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել
Երեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել:
Նոր հյուրանոցը գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի և Աբովյան փողոցների խաչմերուկում: Որոշ ժամանակ դարարեցվել էր Գյումրու Վարդանանց հրապարակից Գայի փողոցի երթևեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել:
Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:
Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարևանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել:
«Հրապարակ». Հրազդանի քաղաքապետն իրեն շրջապատել է հորքուր-հորքուրների որդիներով
Թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ։ Ժամանակին գրել էինք, որ նա փեսաներին իրեն խորհրդական է նշանակել և յուրաքանչյուրին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ է վճարում։ Հրազդանի քաղաքապետարանից հերքեցին այս տեղեկությունը։
Ահա, վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու անունները։ Երկուսը՝ ներքին աուդիտի բաժնի պետ Վլադիմիր Գյուրջյանը և խորհրդական Գարեգին Գյուրջյանը եղբայրներ են՝ քաղաքապետի մորաքրոջ որդիները։ Առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ Գագիկ Ստեփանյանը Դանիելյանի հորաքրոջ որդին է։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ով ում բարեկամն է, և խնդրեց մեզ գրավոր հարցում անել, որպեսզի ուսումնասիրի ու նոր պատասխանի»: