ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոց- թանգարաններ այցելող օտարերկրացին Հայաստանից պետք է հեռանա ոչ միայն մշակութային ժառանգության մասին վառ տպավորություններով, այլև իր հետ տանի նաև հայկական մշակույթի մի մասնիկը: Իսկ ներկայանալու բավականին հետաքրքիր ու լայն ասպարեզ կա: Այդ առումով գործակցության ուղիներ են նախանշում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արցախի Հանրապետության «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որի տնօրենը հյուրընկալվել էր ՊՈԱԿ-ում:
Ներկայացնելով Արցախի կարպետագործության պատմությունն ու իրենց ընկերության արտադրանքը` «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն ասել է, որ 2013 թ. զբաղվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ: Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի, Բերձորի գործարաններում արտադրում են հիմնականում հայկական, մասնավորապես տիպիկ արցախյան եզակի մշակութային արժեք ներկայացնող գորգեր: Դրանք մի քանի մետրից մինչև հուշանվերային չափերի հասնող գորգեր են և կարող են բավարարել անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Խաչատրյանի խոսքով` արցախյան գորգերը լայն տարածում ունեն նաև արտասահմանում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, ողջունելով նախանշվող համագործակցության գաղափարը, նշել է, որ կարելի է արցախյան գորգերը այցելուներին ներկայացնել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
«Դեպի տաճար տանող ճանապարհին ցուցավահանակներով և ավտոկայանատեղիի հարևանությամբ գտնվող տարածքում ներկայանալի տաղավարում կարող են ցուցադրվել Արցախի գորգերը: Համոզված եմ, որ դրանք կհետաքրքրեն օտարերկրացի հյուրերին: Գրագետ ու գեղեցիկ ներկայանալը հաջողության գրավականն է: Համոզված եմ, որ այդ դեպքում հաջողություններ կունենանք», — ասել է Արա Թարվերդյանը:
Ըստ նրա` հետագայում կարելի է ընդլայնել գործակցության ձևաչափն ու գորգերի ցուցադրության մեջ ներգրավվել նաև գորգագործներին, որոնք տեղում կգործեն, հարկ եղած դեպքում կներկայացնեն աշխատանքի ընթացքն ու նաև զբոսաշրջիկին հնարավորություն կընձեռեն այդ աշխատանքի մասնակիցը դառնալու:
ՊՈԱԿ-ի տնօրենն ու «Ղարաբաղ կարպետ» ընկերության ղեկավարը խոսել են նաև վրանային տաղավար տեղադրելու հնարավորության մասին:
Արա Թարվերդյանի խոսքով` ցանկալի կլիներ գորգերի վրա պատկերել նաև «Գառնին», «Զվարթնոցը», «Մեծամորը», «Ամբերդը» և մեր մշակութային ժառանգության այլ գոհարները: