«Փաստ». Արփինե Հովհաննիսյանի՝ ՔԿԱԳ —ի պետի պաշտոնը զբաղեցնող մայրը 40 միլիոն դրամից ավել եկամուտ է ունեցել
Փաստ թերթը գրում է. Ազգային ժողովի առաջին տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, որն այս պաշտոնում է նշանակվել մեկ ամիս առաջ, ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը։ ԱԺ փոխնախագահի սեփականությունն են համարվում TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի ավտոմեքենան և մեկուկես միլիոնի դրամական միջոցները։
Արփինե Հովհաննիսյանի մայրը, որն Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ է, նույնպես ներկայացրել է իր հայտարարագիրը, ըստ որի նրա եկամուտը նախորդ տարի կազմել է 40 միլիոն 289 հազար դրամ։
«Հայկական ժամանակ». «Հրաժարականի դիմում». Կարեն Կարապետյանի գրառումները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղն ու սկսեց գրառումներ անել:
Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:
Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել. խաչ, որի եզրերը մգացրել է»:
«Հայկական ժամանակ». Ո՞վ է ՀՀ կրթության եւ գիտության ապագա փոխնախարարը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
Համացանցում նախկին պատգամավորի մասին հրապարակումներ կան իր բիզնես-գործընկերոջը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առեւանգելու, ծեծի ենթարկելու եւ թալանելու մեջ: Մկրտչյանը հերքել է իր մասնակցությունն այդ դեպքին, իսկ Ղուկասյանի հարազատները կրկին պնդել են:
Նշենք նաեւ, որ կրթության եւ գիտության ապագա փոխնախարարն իր հարցազրույցներից մեկում, խոսելով «Բարեպաշտ» հիմնադրամի մասին, ասել է. «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը կազմավորվել է 2006թ.՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ (ԿԳ նախարարի տեղակալ-խմբ.) Մանուկ Մկրտչյանի մտահղացմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կնպաստի հայության հարատեւմանը»:
Վահրամ Մկրտչյանը ՀՀԿ անդամ է, մինչ այդ եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, հետո` ՀԺԱՄ-ի:
«Հրապարակ». Կոստանյանը համակուրսեցին է, Դավթյանը՝ ընկերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դժգոհությունները գնալով խորանում են։ Անհավասարակշիռ եւ էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է՝ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում։
Որևէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալիներն ինքնակամ հեռանան։ Օրինակ՝ մոտ մեկ-երկու ամիս առաջ նա քաղաքի լավագույն դատախազներից մեկին տեղափոխել էր մարզ, վերջինս էլ վիրավորվել էր, դիմում գրել և հեռացել։
Մեր տեղեկություններով՝ դատախազի հետ կոնֆլիկտի արդյունքում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նա Կոստանյանի համակուրսեցին է։ Աշխատանքից ազատվելու լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ինքը՝ դատախազը։ «Ոտքերի վարիկոզ ունեմ, պետք է մեկնեմ բուժման»,- ասաց նա։
Իսկ գուցե կոնֆլի՞կտ եք ունեցել Արթուր Դավթյանի հետ, Մելիք-Սարգսյանը կտրականապես հերքեց՝ նշելով․ «Պարոն Դավթյանն իմ ընկերն է, երկար տարիներ աշխատել ենք»։ Իսկ մեզ թվում է, թե Գևորգ Կոստանյանն է Ձեր ընկերը, համակուրսեցին։ «Պարոն Դավթյանն, առավել ևս ընկեր է, Կոստանյանը համակուրսեցին է, Դավթյանը՝ ընկերը»։