ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԵՄ–ն, որպես աշխարհաքաղաքական նախագիծ, վաղուց է տապալվել, Sptunik Արմենիային ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը` մեկնաբանելով Sputnik–ի անցկացրած հարցման արդյունքները։
ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից (2016 թվականի հունիսի 23) մեկ տարի անց հարցում է անցկացվել և պարզվել, որ ֆրանսիացիների գրեթե կեսը (49%), գերմանացիների կեսից ավելին (52%), իտալացիների (57%) և բրիտանացիների գրեթե երկու երրորդը (64%) կարծում են, որ մոտ ապագայում ԵՄ–ից դուրս կգան մեկ կամ մի քանի երկրներ։
«ԵՄ–ն, որպես աշխարհաքաղաքական նախագիծ, տապալվել է, այն էլ` վաղուց։ Տապալվել է տնտեսական պատճառներով, երբ միության առաջատար երկրները սկսեցին որպես իրացման շուկա օգտագործել մյուս պետությունները», – ասաց Բոշյանը։
Նրա խոսքով` ԵՄ–ն տապալվել է նաև գաղափարական հարթությունում։ Բոշյանի կարծիքով` որպես հիմք ընդունելով «բազմամշակութայնության» քաղաքականությունը, նրանք փաստացի ընդունել են եվրոպական քաղաքակրթության հիմք հանդիսացող ազգային մշակույթների ոչնչացումը։
«Բազմամշակութայնության քաղաքականությունը հիմք հանդիսացավ դարեր ի վեր Եվրոպայի պատմական հիմք կազմող էթնիկ, ազգային և քրիստոնեական մշակույթի վերացման համար», – ասաց Բոշյանը` նշելով, որ անկախ նրանից, որ պաշտոնյաները գաղափարական ուղղվածությունը փոխելու մտադրություն չունեն, այնուհանդերձ ժողովուրդը նման պահանջ վաղուց ունի։
Բոշյանը, որը 2000-ականներին աշխատել է ԵՄ տարածքում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, նշում է, որ հասարակ մարդկանց և գործարարների հայացքներն էականորեն տարբերվում են Բրյուսելի պարտադրածից։
Ինչ վերաբերում է ԵՄ–ից այլ երկրների դուրս գալու հնարավորությանը, ապա Բոշյանի խոսքով` մոտ ապագայում դժվար թե նման բան լինի։
«Եվրոպական բյուրոկրատիան թույլ չի տա, ընդ որում` կօգտվի և՛ քարոզչական, և՛ իրավական մեխանիզմներից։ ԵՄ–ից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ, ավելին` բարդ գործընթաց է, և ամեն երկիր չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։ Մենք գիտենք, թե ինչ ճնշման էր ենթարկվում, օրինակ, Հունաստանը», – նշեց փորձագետը։
Նա համոզված է, որ միտումը կշարունակվի, և եթե ԵՄ–ն արմատապես չփոխի իր ձևաչափը, չվերադառնա պատմական արմատներին, կառույցի գոյությունը հարցականի տակ կդրվի։
Հարցումը Sputnik News–ի համար անցկացրել է Ifop ընկերությունը։ 2017 թվականի ապրիլի 21-ից 25-ը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 3203 մարդ։
Հարցին, թե «որքա՞ն երկիր կհետևի Մեծ Բրիտանիայի օրինակին և դուրս կգա ԵՄ–ից» Ֆրանսիայում հարցման մասնակիցների գրեթե կեսը և մյուս երկրներում հարցման մասնակիցների կեսից ավելին պատասխանել են, որ մեկ կամ մի քանի երկրներ ԵՄ–ից դուրս կգան մոտ ապագայում։