«Առավոտ». Երևանի եկամուտները և ծախսերը
Թերթն անդրադարձել է Երևանի բյուջեին ու եկամուտներին` թվային տվյալներով։
«2016 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին հաստատել է Երևանի բյուջեն։ Ըստ այդմ` 2017 թվականին նախատեսվում է 84.344.931.5 դրամ եկամուտ, 84.412.931.5 դրամ ծախս։ Քաղաքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 68000 դրամ։ Երևանի բյուջեն իր եկամուտները ստանում է հարկերից և տուրքերից` 14.839.087.5 դրամ, պաշտոնական դրամաշնորհներից` 21.772.637.5 դրամ, և այլ աղբյուրներից` 47.733.2016.5 դրամ։ Այլ աղբյուրների մեջ են մտնում գույքի վարձակալության եկամուտները, վարչական գանձումները և այլն»,-գրում է թերթը։
«Հայոց աշխարհ». Պատժում են
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Թիթեր Նյուշեմը երեկ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում կատարած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել։
««Ինչպես ավելի վաղ հայտնել եմ արդեն, դատապարտում եմ այս հարձակումը։ Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների կատարման դեմ։ Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքներ»,- ասել է Վաշինգտոնի քաղաքապետը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում երկու անձ է ձերբակալվել, որոնք նույնպես մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարների դեմ իրականացված հարձակմանը»,- գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». Ներքին գործերին խառնվելու փո՞րձ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում ընտրական զարգացումների մասին, հայտարարել է, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես «կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել»։ Սվիտալսկին, մասնավորապես, ասել է, որ ոչ մեկը չի կարող ասել, թե վերջին ընտրությունները ՀՀ-ում կատարյալ են ընթացել կամ ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելության մակարդակին։
«Սվիտալսկու խոսքը, սակայն, միանշանակ չի ընդունվել Հայաստանի կառավարական շրջանակներում։ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԿԸՀ-ի արժանահավատության հետ կապված Սվիտալսկու խոսքերը գնահատել է «որոշակի փորձ Հայաստանում ներքին քաղաքական հարցերի միջամտելու»։ Նա կարծում է, որ ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանն իր դիրքորոշումը չպետք է հայտնի, քանի որ դա քաղաքական հարց է»,- գրում է թերթը։
«Հրապարակ». պատգամավորներն ու օգնականները
Ազգային ժողովի անցուդարձի մի դրվագին է անդրադարձել թերթը։
«Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը` Դերժավայի, ՍԱՍ-ի Արտակը, Քլոսը`Աշոտ Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում են հայտնվել եվրաինտեգրման հանձնաժողովում։ Պատճառն այն է, որ ակտիվ պատգամավորները խույս են տվել պասիվ հանձնաժողովից, ու այստեղ հայտնվել են չաշխատողները։ Երեկ հանձնաժողովի նիստից նրանց բացակայությանն անդրադառնալով` հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ միջոցներ կձեռնարկի` «տվյալ օրվա աշխատավարձից պահում կարվի»։
Նա ասել է, որ իր օգնականը դիմել է Գրիգորյանի օգնականին` տեղեկացնելու նիստի մասին, սակայն փոխանցել են, որ պատգամավորներին նման հարցով չանհանգստացնեն։ Ի դեպ, աշխատավարձը կտրելով, նման անձանց չես վախեցնի` նրանց քարտերը տնօրինում են օգնականները, որոնք սգի մեջ են»,-գրում է թերթը։