ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանի թիվ 1 տուն–ինտերնատը կդառնա լավագույնը Հայաստանում, ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:
Ինչպես նշեց Զուրաբյանը, վերջին շրջանում ինտերնատի ղեկավարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացրել` ձեռք են բերվել կենցաղային ապրանքներ, դեղորայք, կահույք գնելու պայմանագրեր են ստորագրվել նոր մասնաշենքի համար, որը կառուցվել է Քուվեյթի տրամադրած միջոցներով։
«Տուն-ինտերնատի շենքը կառուցվել է 1953 թ. և կա հիմնանորոգման խնդիր, իսկ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցված նոր մասնաշենքի նմանը տարածաշրջանում գոյություն չունի», – ասաց Զուրաբյան։
Տուն–ինտերնատի խնամյալներին (65 հոգի) կահույքի տեղադրումից հետո նոր շենք կտեղափոխեն։ Ինտերնատի վերանորոգման աշխատանքները իրականացվում են հիմնականում դոնորների և բարերարների հաշվին։
Ընդ որում` տնօրենի պաշտոնակատարը չի ժխտում, որ ինտերնատը լուծելու շատ խնդիրներ ունի, որոնցից ամենակարևորը կյանքի պայմանների բարելավումն է։
«Ես խոստանում եմ, որ մենք Հայաստանում լինելու ենք թիվ 1 տուն-ինտերնատը» – ասաց Զուրաբյանը։
Զուրաբյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու են հոգեկան խնդիրներ ունեցող խնամյալները նույն հարկի տակ ապրում մյուսների հետ։
«Փաստաթղթային առումով մենք խնդիր չունենք, բայց կարծում եմ` նմանատիպ խնդիր ունենք: Ժամանակի ընթացքում չեմ բացառում, որ մարդը ձեռք բերի հոգեկան խնդիրներ: Կարգն այժմ այսպիսին է. ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցանկ եմ ներկայացրել՝ խնդրելով, որ հոգեբույժների խումբը գա և ստուգի նրանց: Միայն դրանից հետո կարող եմ նրանց տեղափոխել, ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել: Մայիսի 22-ին ենք դիմել, բայց պատասխան դեռ չենք ստացել»,- ասաց նա:
Զուրաբյանը տնօրենի պաշտոնակատարի պարտականություններն իրականացնում է 2017 թվականի մարտից։ Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել նախորդ տնօրեն գործողությունները։
Ավելի վաղ ԶԼՄ–երը համացանցում տեսանյութ էին տարածել, որը պատմում էր ինտերնատում ծեր մարդկանց կյանքի ծանր պայմանների, նորմալ սննդի և բուժօգնության բացակայության, խնամյալների հանդեպ անտարբերության մասին։