ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Մարինե Ավանեսյան. Հուշարձանների պահպանությանը կոչված նվիրյալները նաև ստեղծագործում են: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը թղթից պատրաստված յուրատեսակ բազմաթիվ մինի երաժշտական գործիքների հեղինակ է:
Գեղեցիկ, յուրօրինակ ու հետաքրքիր մանրակերտներ, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալ ինչից են պատրաստված: Սիրով ու համբերությամբ ստեղծված ու ափի մեջ տեղավորվող յուրաքանչյուր փոքրիկ գործիքի վրա նա աշխատել է մի քանի ամիս` ստանալով կատարյալ նմանություն բնօրինակին:
Դուդուկ, ակորդեոն, դաշնամուր, հարվածային գործիքներ, սինթեզատոր, կիթառ. այս շարքը համալրվել է Նազարեթյանի մանկության տարիների մեկ այլ հիշողությամբ` «Վեսնա» ձայնարկիչով (մագնիտոֆոն):
«Ցուրտ ու մութ տարիներին մեքենայի շարժիչից հոսանք էինք վերցնում ու միացնում ձայնարկիչին` երաժշտություն լսում: Թղթից պատրաստված այս գործիքը` մեր հին «Վեսնան», իմ մանկության ամենավառ հիշողությունն է», — անկեղծանում է նա:
Շուրջ ինն ամիս յուրաքանչյուր դետալի վրա նա աշխատել է մանրակրկիտ: Իսկականից վեց անգամ փոքր չափեր (4 սմ երկարություն, 3 սմ լայնություն և 1 սմ բարձրություն) ունեցող ձայնարկիչով կարելի է լսել Հարութ Փամբուկչյանի «Տարիները անցան» երգը:
«Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնին ներկայացված էր նաև Վալերիկ Նազարեթյանի «Մանկության տարիներ» աշխատանքը, որը չէր վրիպում ներկաների աչքից:
![Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/764/93/7649317_0:17:1400:897_600x0_80_0_0_b4557a0f2c026aa4c093df66dffe97d8.jpg)
![Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/764/92/7649255_0:0:1600:1004_600x0_80_0_0_6fdc12ecb033e811a9cc96350816732a.jpg)
![Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/764/93/7649376_0:35:1600:1040_600x0_80_0_0_972f36a1fd8a078665bf1933f267a80f.jpg)
Փառատոնային եռուզեռը ինչ-որ չափով խլացնում էր Փամբուկչյանի կատարումը, սակայն, չի բացառվում, որ նրա մանկության տարիների մշուշոտ օրերի այս վկայությունն էլ արժանանա մրցանակի, ինչպես նախորդ տարվա «Մորս հուշերը» աշխատանքը: