ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը համախմբել էր փոքրիկներին, նաև` կարճ ժամանակով մանուկների մոլորակում հայտնվելու ցանկություն ունեցող մեծերին: 7-րդ դարի տաճարի հարակից տարածքում, տանտիրոջ իրավունքով, հաստատվել էին փոքրիկ ու չարաճճի էակները` իրենց խինդ ու ծիծաղով համակելով ամենքին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արել էր հնարավորը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում հեքիաթային մթնոլորտ ստեղծելու համար։ Դեպի տաճար տանող ճեմուղին վերածվել էր մեծ ցուցասրահի: Նկարակալների վրա ներկայացվել էին Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։
Փոքրիկ հրաշամանուկները նաև տոնական համերգային միջոցառման «տերերն» էին: Զվարթնոցի տաճարի հարթակում տոնական բարձր տրամադրությունն ապահովում էին հենց երեխաները: Ելույթներով հանդես են եկել Էջմիածին քաղաքի Հայորդաց տան, «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի, Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Մակար Եկմալյանի անվան թիվ 1 և Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների սաները։
Մինչ տաճարի հարթակում երաժշտական կատարումներ էին հնչում, արգելոց-թանգարանի տարածքում հավաքված բազմաթիվ փոքրիկներին հրաշքներ գործող ուրախ ծաղրածուն ու հեքիաթների հերոսները անակնկալներ էին մատուցում. զվարճալի խաղեր, պաղպաղակի հյուրասիրություն և այլն։
Ուրախ տոնախմբության վերածված միջոցառումը մանկության զարմանահրաշ աշխարհ էր տեղափոխել նաև մեծերին:
Միջոցառման ավարտին մասնակիցներին ՊՈԱԿ-ի տնօրենության անունից շնորհակալագրեր հանձնվեցին: