ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր գլխավոր նպատակը համարում է մրցաշրջանից մրցաշրջան խաղի որակի բարձրացումը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում։
«Երեխա ժամանակ երազում էի ՈւԵՖԱ-ի գավաթում կամ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Նպատակներիցս մեկին արդեն հասել եմ: Հաջորդ մրցաշրջանը պետք է ավելի լավը լինի, քան նախորդը: Կարելի է ասել` հենց դա է գլխավոր նպատակս», – ասել է ֆուտբոլիստը։
Հայ ֆուտբոլիստը նշել է նաև, որ շատ է ուզում մասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։
«Մենք կշարունակենք պայքարել։ Աշխարհի առաջնությունում խաղալն իմ և մեր նպատակն է», – ասել է նա։
Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն և Սանկտ Պետերբուրգի համալսարանի երևանյան մասնաճյուղն ավարտած Մխիթարյանը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։
«Գուցե նաև ֆուտբոլում մնամ։ Օրինակ` որպես մարզիչ։ Էական չէ։ Գուցե բիզնեսով զբաղվեմ։ Դեռ չգիտեմ», – նշել է Մխիթարյանը։
Ռուսական պարբերականի թղթակիցն ընդգծել է այն փաստը, որ Հենրիխը տիրապետում է 6 լեզվի` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ռուսերենը սովորել է ռուս տատի շնորհիվ։