ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի երեխաների հետ։ Ֆուտբոլիստը փոքրիկ հաշվետու տեսահոլովակ է տեղադրել Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում։
Երեխաները, որոնց համար Մխիթարյանի այցը անսպասելի էր, ուրախությունից լաց էին լինում և չէին հավատում սեփական աչքերին։
«Ի՞նչն է, ըստ ձեզ, ձեր հաջողության գրավականը»,– հարցրեց պատանի երկրպագուհիներից մեկը Մխիթարյանին։ Ի պատասխան ֆուտբոլիստն ասաց, որ ցանկացած բնագավառում հաջողության գրավականն ինքնանվիրումն է։
«Անհրաժեշտ է հիշել, որ եթե ինչ-որ ուղի ես ընտրում, պետք է քեզ ամբողջովին նվիրես դրան հաճույք ստանալու և հաջողությունների հասնելու համար», – ասաց Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի բոլոր երեխաներին կոչ անելով չթերագնահատել սեփական հնարավորություններն ու երբեք չհանձնվել։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Հարո Արմենը հիմնադրել է 2000 թվականին՝ Նյու Յորքում։ Հիմնադրամի հայկական մասնաճյուղը բացվել է 2003 թվականին։ «Հայաստանի մանուկները» բարեգործական ընկերություն է, որի նպատակն է՝ բարձրացնել գյուղացիների կյանքի որակը երեխաներին միտված համայնքային զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։