Հայաստանի պատմությունը սկսվում է ուրարտական թագավոր Արգիշտի I–ի կառավարման ժամանակներից։ Հենց նա է ամրոց կառուցել Արին–Բերդի գագաթին, որի փլատակները պահպանվել են մինչև մեր օրերը։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանը գտնվում է բերդի ստորոտին, և այնտեղ են պահվում փլատակների տարածքում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերված մեծաթիվ ցուցանմուշները։
Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Էրիվանի ինտենսիվ կառուցապատումը սկսվել է 1930–ական թվականներին, իսկ 1936 թվականին քաղաքը պաշտոնապես անվանվել է Երևան։
Քաղաքի կենտրոնում կառուցված կառույցներից շատերը խորհրդային ճարտարապետության գոհարներ էին համարվում` Հանրապետության հրապարակ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան…
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն իր երազները վարդագույն տուֆի միջոցով մարմնավորել է Երևանում։
Քաղաքի խորհրդանիշներից մեկն էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, որը կառուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի հեղինակներն են Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանը։
Երևանում է վեր խոյանում Մայր Հայաստանի արձանը, որը կառուցվել է ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ 22 մ բարձրությամբ հուշարձանը (պատվանդանով՝ 52 մ) տեսանելի է քաղաքի տարբեր մասերից։
Եթե Երևան եք ժամանել, չմոռանաք զբոսնել Թումոյի և Սիրահարների այգիներում, Հյուսիսային պողոտայում և անպայման լուսանկարվել Կարապի լճի ֆոնին։