ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում կայացած Forbes Women's Summit–ում և հայտարարել, որ նոր բիզնես–նախագիծ է իրականացնում։ Այս մասին գրված է Forbes պաշտոնական կայքում։
Քարդաշյանը խոստովանել է, որ տարին նրա համար շատ ծանր է եղել` Փարիզի զինված հարձակումից մինչև Forbes–ի կազմին հայտնվելը։
Նա հայտնել է, որ նոր բիզնես է սկսում Makeup–ի ոլորտում։ Նրա խոսքով` KKW Beauty շարքը` եզրագծող մատիտների հավաքածուն, կվաճառվի հաջորդ շաբաթից և հնարավոր կլինի ձեռք բերել բացառապես Քարդաշյանի պաշտոնական կայքում։
Օրեր առաջ հեռուստաաստղն ընդգրկվել է ամերիկյան շոու բիզնեսի ամենահարուստ ներկայացուցիչների ցանկում, որը կազմել էր Forbes–ը։ Ռեալիթի շոուի աստղը զբաղեցրել էր 47-րդ հորիզոնականը` 45.5 մլն դոլար եկամուտով։ Քարդաշյանն ասել է, որ անկախ իր հասցեին հնչած քննադատությունից և անտաղանդության մեջ մեղադրանքներից, իրեն հաջողվել է կայանալ որպես գործարար։
«Իմ բոլոր նախաձեռնությունները` մանկական հագուստի ապրանքանիշը, կոսմետիկ միջոցներն ու բջջային հավելվածների կիմոջիներն ինձ եկամուտ բերեցին, այդ պատճառով ես վստահ եմ ուժերիս վրա, միշտ ուզել եմ սեփական բիզնեսն ունենալ և ունեմ, ես հարյուր տոկոսով ներգրավված եմ բիզնես նախագծերում», – ասել է Քարդաշյանն AP–ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հրաժարվել է արտադրանքի արտոնագրման գաղափարից և այժմ սեփական բիզնեսի լիիրավ սեփականատերն է։
Նյու Յորքի Forbes Women գագաթնաժողովում հավաքվել էին հարյուրավոր կին–ձեռներեցներ և ընկերությունների ղեկավարներ` նպատակ ունենալով գործունյա աշխարհում շտկել իշխանության անհավասարությունը։