ԵՐԵՎԱՆ, 13 Հունիս — Sputnik. Ամերիկացի հեռուստահաղորդավար, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ և ռեփեր Քանյե Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը համալրեց Forbes–ի կազմած շոու–բիզնեսի ունևոր ներկայացուցիչների ցուցակը։ Ռեալիթի շոուի աստղը զբաղեցրեց ցուցակի 47-րդ հորիզոնականը։
«Մեզանից յուրաքանչյուրը խաղացել է կամ գոնե լսել է «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղի մասին։ Միայն այդ խաղով Քիմը վաստակել է 160 մլն դոլար։ Բոլորս հիշում ենք նաև Dash-բուտիկների մասին, ինչպես նաև Instagram–ում Քիմի բաժանորդների քանակի մասին»,– գրում է ամերիկյան պարբերականը։
Քարդաշյանների ընտանիքի մեկ այլ աստղային ներկայացուցիչ` Քայլի Ջեները, զիջում է Քիմին. Forbes–ի վարկանշում նա զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը։ Վարկանիշը գլխավորում է Փաֆ Դեդին, որը վաստակել է 130 մլն դոլար։ Երկրորդ տեղում նորաթուխ մայրիկ Բեյոնսեն է, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 105 մլն դոլար։ Երրորդ տեղը զբաղեցրել է Հարի Փոթերի «մայրը»` գրող Ջոան Ռոուլինգը։ Հիշեցնենք, որ Քիմն իր անունով վճարովի բաժանորդագրությամբ նոր հավելված է գործարկել, որտեղից հնարավոր է make-up-ի վարպետության դասեր ստանալ։