ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի- Sputnik. Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն Ուկրաինայում 18-օրյա հավաքից հետո վերադարձել են ու նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրել է, որ Ուկրաինայում հավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ 20 ծանրորդ.
«Արտակարգ պայմաններ էին: Հավաքը լիարժեք ծառայեց նպատակին: Ուկրաինայում էին թե´ մեծահասակների, թե´ երիտասարդների եւ թե´ պատանիների հավաքականները: Յուրաքանչյուր տարիքային խմբի մարզիչ լուծում էր իր առջև դրված խնդիրները՝ ովքեր պետք է մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը, ովքեր են մեկնելու Համաշխարհային ուսանողական խաղեր: Իսկ ազգային հավաքականի հիմնական կորիզը, հասկանալի է, նախապատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը»,- ասել է նա:
Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրել է, որ երիտասարդների աշխարհի առաջնություն մեկնելու է երկու աղջիկ ու չորս տղա. աղջիկներ՝ Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), տղաներ՝ Սիմոն Մարտիրոսյան, որը հանդես կգա +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 85 կգ):
Փաշիկ Ալավերդյանը նաև ասել է, որ ուսանողական խաղերին ամենայն հավանականությամբ կմեկնեն միայն տղաները: