ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին այսօր առավոտյան Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերին։
«Խորհրդարանականների և իմ անունից դատապարտում եմ այդ ահաբեկչությունները», – ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` ահաբեկչությունն ազգություն և կրոն չի ճանաչում, Հայաստանն այս պահին Իրանի ժողովրդի կողքին է։
«Ճիշտ կլինի, եթե մենք ԱԺ–ի աշխատանքը շարունակենք մեկ րոպե լռությունից հետո», – ասաց Շարմազանովը։
Tasnim գործակալության տվյալով` ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ, 4–ն էլ պատանդառվել է։ Խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարան վրա իրագործված հարձակումներից հետո վիրավոր անձանց թիվը հասել է 35-ի (հինգը` խորհրդարանում, ևս երկուսը` դամբարանում)։
Խորհրդարանում կրակ բացած անձինք զինված են եղել «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներով։ Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել հանցագործներից մեկին։ Մահապարտ ահաբեկիչն էլ իրեն պայթեցրել է դամբարանի մոտ, ևս երեքը կրակ են արձակել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։