ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. 2017թ–ի հունվարի 1-ի դրությամբ 1 տարի ժամկետով, դրամով տրվող վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է 17%, մեկ տարուց ավելին` 16: Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` հիշեցնելով, որ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը տարվա ընթացքում նույն ինտենսիվությամբ չեն աճում։
«Եթե անգամ աշխատավարձն աճում է 16%, արդյո՞ք այդքան աճում է մեր արտադրողականությունը։ Այսինքն` մենք աշխատում ենք ավելի շա՞տ, որ այդ 16%–ին արժանանանք, թե պարզապես մեր փողը բարձր են տալիս»,– հարցնում է տնտեսագետը` անդրադառնալով խնդրին, թե ներկա սոցիալ–տնտեսական իրողությունների պայմաններում ՀՀ քաղաքացիները որքանով են ի վիճակի վճարել բանկերից վերցրած իրենց վարկերը։
Նույնը վերաբերում է նաև սպառողական վարկերին, հատկապես, որ սպառողական վարկերի տոկոսադրույքները շուրջ 10%–ով ավելի բարձր են։ Վիլեն Խաչատրյանի խոսքով, եթե քաղաքացին սպառողական վարկ է վերցնում 24%–ով, որպեսզի որևէ ապրանք ձեռք բերի, դա նշանակում է, որ այդ ապրանքն իր համար 24%–ով թանկանում է։
«Քաղաքացին հաճախ հայտնվում է իր բարեկեցության հաշվին վարկը փակելու խնդրի առաջ»,– ասում է տնտեսագետը` հավելելով, որ շատ հաճախ ՀՀ քաղաքացիների վարկերը ստիպված են լինում վերադարձնել արտասահմանում բնակվող հարազատները, որոնք իրենց կամքից անկախ ևս հայտնվում են «վարկի տակ»։
Այս պահի դրությամբ, ՀՀ քաղաքացիների` բանկերից վերցրած վարկերի ծավալը, Վիգեն Խաչատրյանի խոսքով, կազմում է 2 տրիլիոն 474 մլրդ դրամ, որից շուրջ 1.6 տրիլիոնը դոլարային վարկերն են։ Ընդ որում, այս ցուցանիշում ներառված չեն վարկային կազմակերպություններից վերցրած վարկերը։
Վիլեն Խաչատրյանը նշեց նաև, որ վարկերի շուրջ 60%–ը արտարժույթային վարկերն են և միայն 40%–ը` դրամային։