ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Սերժ Թանկյանը Ֆրանս Պրես գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը, որը հազվադեպ է հյուրընկալում արևմտյան կատարողների, կարող է ինտեգրվել Եվրոպայի ամառային փառատոնի շրջագայություններին, որի ժամանակ էլ երաժշտական խմբերը կայցելեն Հայաստան:
«Ես միշտ երազել եմ Հայաստանում հիմնադրել միջազգային երաժշտական փառատոն։ Այնքան, որքան ես իրականացրել եմ քաղաքական և սոցիալական աշխատանք, կուզենայի նույնքան ժամանակ գտնել մշակութային և երաժշտական գործունեության համար»,- ասել է Թանկյանը:
2015 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, System of a Down խումբն իր առաջին համերգն ունեցավ Հայաստանում: Թանկյանը նշում է, որ համերգից հետո նա պատմությունը հաղթահարած լինելու զգացողություն է ունեցել՝ տեսնելով այդքան երիտասարդների և վերհիշելով իր նախնիներին:
«Ես զգում էի, որ որոշակի առումով մեր ամբողջ կարիերան կառուցել ենք այդ մեկ համերգի համար»,- ասել է Թանկյանը: