ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Կամո Հովհաննիսյանի և Դավիթ Յուրչենկոյի, մասնակցեցին հունիսի 1-ին կայացած առաջին մարզմանը: Բայց ի տարբերություն Յուրչենկոյի, Հովհաննիսյանն ավելի ուշ կմիանա հավաքին:
Մախաչկալայի «Անժիի» դարպասապահն ամենայն հավանականությամբ Հայաստանի հավաքականի կազմում չի խաղալու: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ հրավիրված ասուլիսի ընթացքում առանձնակի անդրադարձավ Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու թեմային։ Նրա կարծիքով` այս դարպասապահն իր փորձով պետք է մեր հավաքականին, սակայն հավաքականում ոչ ոք ստիպողաբար չի խաղացել և չի էլ խաղա:
Յուրչենկոն Հայրապետյանին պատասխանեց championat.com կայքին տված հարցազրույցով` նշելով, որ իրեն որոշ փաստաթղթեր ուղարկել են, բայց ՀՖՖ-ից ոչ մեկի հետ չի զրուցել:
Ֆուտբոլի ֆեդերացիան բացառում է այդպիսի տարբերակը, որ որևէ ֆուտբոլիստ Հայաստան հրավիրվի միայն նամակ ուղարկելով կամ փաստաթղթի միջոցով. ֆեդերացիայի աշխատակիցներից մեկն անպայման անմիջական կապ է հաստատում հրավիրվող խաղացողի հետ:
«Հայաստանի հավաքականը Սենթ Քիթս ու Նևիսի խաղով պատրաստվելու է Չեռնոգորիայի հետ ծանրագույն խաղին: Մեր թիմի համար կարևոր է, որ տղաները նորից իրար հետ խաղ անցկացնեն»,- Sputnik Արմենիային ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Յուրչենկոյի հետ, թե առանց Յուրչենկոյի, արդեն էական չէ: Մեզ միավոր կամ միավորներ են հարկավոր աշխարհի 2018 թվականի ընտրական խաղում: Չէ՞ որ այս պահի դրությամբ մենք խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու իրական հնարավորություն ունենք, որն էլ բաղձալի արդյունք կհամարվի հայկական ֆուտբոլի համար: