«Իրատես». Իշխան Զաքարյանը մնացել է «խաղից դուրս»
«Իրատես» թերթի տեղեկություններով, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը դուրս է մնացել ինչպես իշխանությունների, այնպես էլ ԲՀԿ-ի միջավայրից:
Ըստ թերթի՝ «ԿԸՀ-ից դիմումները հետ վերցրած հայտնի ԲՀԿ «ութնյակի» հետևում կանգնած է եղել հենց Վերահսկիչ պալատի նախկին նախագահը»: «ԱԺ փոխնախագահ դառնալու փորձի ձախողումից հետո նա ցանկացել է այդ «ութնյակից» ստեղծել ոչ ֆորմալ ԱԺ խմբակցություն, որի ստվերային ղեկավարը կլիներ ինքը եւ «կխաղար» իշխանական դաշտում: Այս առնչությամբ նա փորձել է ստանալ նախագահականի «ադաբրյամսը», սակայն այնտեղից «չորով» մերժել են»,- գրում է թերթը:
«Իրատես»-ի տեղեկություններով` Ծառուկյանի ու Զաքարյանի միջեւ տեղի է ունեցել շատ կոշտ խոսակցություն: Իսկ Սերժ Սարգսյանը նրան չի ընդունել:
«Հայկական ժամանակ». Չարաշահումներ հիվանդանոցներում
Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում: Հաշվետվությանը կազմվել է 2017 թվականին, իսկ ստուգումներն իրականացվել են 2016-ի սկզբից՝դեռևս ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ:
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է զեկույցի որոշ կետերին:
Վերահսկիչ պալատն էական խախտումներ է գտել՝ ուսումնասիրելով հանրապետության թվով 4 բժշկական հաստատություններ՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» եւ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնները: Վերահսկողության նպատակն է եղել ստուգել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության եւ արդյունավետության գործընթացը:
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՎՊ-ն պարզել է որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստացող հիվանդների դեպքում որոշ չարաշահումներ, որոնց արդյունքում պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 822 500 դրամ:
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքնում ՎՊ-ն հայտնաբերել է 2014 եւ 2015 թվականների համար 858 հազար դրամ, իսկ 2016 թվականին՝ 253 հազար դրամ թերվճարում:
«Արմենիա բժշկական կենտրոն»-ում՝ շուրջ 1.4 միլիոն, «Ա.Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում՝ 100 հազար դրամի թերվճարում:
«Փաստ». Աշոտ Աղաբաբյանը որոշել է դիմել կառավարությանը
«Փաստ» թերթն անդրադարձել է Կառավարության որոշմամբ մասնավորեցման դրված կառույցներից մեկին՝ «Հրազդան» մարզադաշտին և այդ թեմայով զրուցել դրա սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:
Վերջինն ասել է, որ պատրաստվում է դիմել կառավարություն՝ մարզադաշտը մասնավորեցման ցուցակից հանելու համար:
«50 տարով մենք արենդայով վերցրել ենք, 18 տարվա վարձավճարներ ունենք մուծած, դրամական ներդրումներ արած: Ուղղակի թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը, կառավարությունը հանել է վաճառքի: Բացատրելու ենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն, որը մարզահամալիրի պահուստային դաշտն է, ստադիոնի անբաժանելի մասն է»,- ասել է Աղաբաբյանը:
Աղաբաբյանը հայտնել է նաև, որ մարզադաշտի ընդհանուր պարտքը շուրջ 4 մլն դոլար է:
«Ժամանակ». Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանի դեսպա՞ն
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն առաջիկայում կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան:
«Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պաշտոններ էին բաշխվում, Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի մի քանի հավակնորդներ կային, այդ թվում քննարկվում է ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի անունը»,-գրում է թերթը։