ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների գնդակոծմանը ադրբեջանցիների կողմից։
«Երբ մարդկանց իրավունքներն են խախտվում, կարծում եմ՝ չի լինի այնպիսի խելամիտ մարդ, որը չդատապարտի դա», — ասաց Վոլինկինը Արտաշատի սահմանապահ ջոկատ այցելության ժամանակ։
Նա նշեց, որ լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր մարդիկ չպետք է հակամարտող կողմերի կրակի տակ հայտնվեն։
«Իհարկե, տհաճ իրադարձություն է և պետք է դատապարտվի։ Ինչ վերաբերում է շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, ապա XXI դարում դա անթույլատրելի է»,- ասաց Վոլինկինը։
Նա նշեց, որ Սանկտ Պետերբուրգում և Վիենայում առաջարկությունները, որոնք ուղղված են արցախյան հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանը, պետք է կյանքի կոչել։