ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մայիսի 2-ին առաջինը մեր թիմի կազմում մրցագորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 86 կգ քաշային Վահե Թամրազյանը: Իսկ այսօր արդեն մեր հավաքականի կազմում հանդես եկան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանն ու 97 կգ քաշային Գեորգի Կետոևը:
57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը առաջին գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին ու քանի որ մրցակիցը չհասավ եզրափակիչ, դուրս մնաց պայքարից: 86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը հաղթանակով սկսեց իր ելույթները: 1/8 եզրափակիչում Թամրազյանը առավելության հասավ Իսրայելը ներկայացնող Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխայիլչենկոյի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևին:
Քանի որ Գոստիևը հասավ եզրափակիչ՝ մեր ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Բայց սփոփիչ գոտեմարտում Թամրազյանը պարտվեց լեհ Զբիգնև Բարանովսկուն:
Մայիսի 3-ին առաջինը հայ ըմբիշներից մրցագորգ դուրս եկավ Նարեկ Սիրունյանը: 65 կգ քաշային մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Գեորգի Կետոևին 97 կգ քաշային կարգում հաջողվեց առաջին գոտեմարտում հաղթանակի հասնել բելգիացի Տարիկ Ազոզիի նկատմամբ, բայց հաջորդ մենամարտում մեր ըմբիշը պարտվեց ու նույնպես դուրս մնաց հետագա պայքարից:
Վաղը Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան 61 կգ Վոլոդյա Ֆռանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Իսկ մայիսի հինգին պայքարի մեջ կմտնեն 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը և գերծանր քաշային Լևան Բերիանիձեն: