ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին։ Վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ պարզվել է։
Կինը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ: