ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ուղերձ է հղել` սրտանց շնորհավորելով հայ կանանց ու աղջիկներին։
«Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն»,- նշել է վարչապետը:
Ըստ նրա` մայրերը հայ օջախների հենքն են ու սյունը, և այսօր պարզապես առիթ է ևս մեկ անգամ արտահայտելու անսահման սերն ու հարգանքը կանանց նկատմամբ:
«Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո»,- նշված է վարչապետի ուղերձում:
Ըստ Կարապետյանի` կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում։
«Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում»,- ասել է վարչապետը` կրկին անգամ շնորհավորելով տոնի կապակցությամբ: