ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Անի Սաֆարյանի ընտանիքն ապրում է Սանկտ Պետերբուրգում, և նրանք ահաբեկչության զոհ չեն դարձել մայրական բնազդի շնորհիվ:
Անին պատմում է, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, և որևէ մեկը չի էլ մտածել, որ դա կարող է ահաբեկչություն լինել:
«Ես տանն էի, հեռուստացույցով դիտում էի Վլադիմիր Պուտինի ասուլիսը, որից անմիջապես հետո հաղորդեցին, որ պայթյուն է եղել: Ոչ ոք չէր հասկանում ու չէր պատկերացնում, որ դա կարող է ահաբեկչություն լինել»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգի համար սա չափազանց անսովոր դեպք է:
«Այժմ հնարավոր չէ մետրո մտնել: Ոստիկանները մետաղորսիչներով ստուգում են պայուսակները: Ամենուրեք իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Դեպքից հետո բոլորը սկսեցին զանգել իրար՝ տեղեկանալու համար, թե ով որտեղ է»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ավելի ուշ պարզվել է, որ Անի Սաֆարյանի մայրը 14:00-ին մետրոյի կայարանի մեկ այլ ճյուղում է եղել, երբ իմացել է պայթյունի մասին:
«Մայրս եկավ տուն՝ երեխաներին վերցնելու, որպեսզի հետո ճանապարհ ընկնեն մետրոյի հենց այն ճյուղի գնացքով, որտեղ պայթյուն է որոտացել: Փառք Աստծուն, որ նա որոշել է մեկ այլ ճյուղի վագոն նստել»,- ասաց Սաֆարյանը:
Անին ավելացրեց, որ քաղաքը մշտապես խիստ հսկողության տակ է:
«Առավել ևս, որ Ռուսաստանի նախագահն է այժմ այստեղ, զգուշությունը կրկնապատկվել է: Շատ տարօրիակ է, որ նման բան է տեղի ունեցել մեր քաղաքում: Դատելով ենթադրյալ ահաբեկչի նկարներից, որոնք հրապարակվել են համացանցում, տարօրինակ է թվում, որ նրան ընդհանրապես թույլ են տվել մետրո մտնել»,- ասաց նա:
Ըստ Անիի՝ բոլորին ստուգում են և, եթե մարդը փոքր-ինչ կասկածելի է թվում, նրան պարզապես թույլ չեն տալիս մետրոյի տարածք մուտք գործել:
«Կարծում եմ՝ առաջիկա օրերին շատերը կվախենան օգտվել մետրոյից: Իսկ դա լուրջ խնդիր է, քանի որ մարդիկ պետք է դասի կամ աշխատանքի գնան: Բոլորը սթրեսի մեջ են: Մետրոյի այդ ճյուղնը ավելի քան 1 միլիոն 200 հազար թողունակություն ունի»,- ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ դեպքից հետո տաքսու վարորդները մետրոյի ուղևորներին անվճար են տեղափոխել, ու բոլորն ավելի միասնական են դարձել: