ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի բնակիչները շատ տեղեկություն չունեն այսօրվա պայթյունի մասին և դեռ խուճապի մեջ են, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայարփի Միքայելյանը, որը բնակվում է Սանկտ Պետերբուրգում։
Հայարփին պայթյունի ժամանակ մետրոյի կայարանի մոտակայքում է եղել։ Երբ տեսել է, որ մարդիկ խուճապահար դուրս են գալիս մետրոյից, մոտեցել է, որ պարզի` ինչ է պատահել։ Այդ պահին ժամանել են համապատասխան ծառայությունների աշխատակիցները և արգելել են մոտենալ կայարանի տարածքին։
«Այժմ մետրոյի կայարանները փակ են, քաղաքային տրանսպորտն ու տաքսիներն անվճար են սպասարկում»,- ասաց Հայարփին։
Նրա խոսքով` քաղաքի բոլոր հատվածներում խցանումներ են, մարդիկ նոր տեղեկությունների են սպասում` հուսալով, որ պայթյունների մեղավորներին արագ կհայտնաբերեն։
«Քիչ առաջ տեղեկացանք, որ մետրոյի մեկ այլ կայարանում էլ են պայթուցիկ գտել, բայց վնասազերծել են»,– ասաց Հայարփին։
Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում, «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10, տուժել ավելի քան 30 մարդ: