ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին: