Դժվար է կռահել, թե ԱՄՆ ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն ինչու էր իր աշխատանքային առաջին օրն աշխատավայր եկել ձիով և կովբոյի գլխարկով: Միաժամանակ, նախագահ Թրամփի օրոք ընթացող առօրյան ուշադրություն է գրավում է ոչ միայն էկզոտիկ արարքներով, այլև խիստ պրագմատիզմով: Առաջինը` զվարճացնում է, երկրորդը` հուսադրում:
Հուսադրող փաստերից. ԱՄՆ-ն սահմանափակում է օտար երկրների ֆինանսական սնուցումը: «Սպիտակ տունը որոշել է նվազեցնել մյուս երկրներին տրամադրվող տնտեսական և ֆինանսական օգնության ծավալները», — Fox News-ի եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միկ Մալվենին:
«Մենք ծրագրում ենք առաջարկել, որ փողերը ծախսվեն հիմա և այստեղ»,- շեշտել է պաշտոնյան:
Ինչո՞ւ «այստեղ»: Նախ այն պատճառով, որ ավելի քան 43 միլիոն ամերիկացի ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ ևս 43 միլիոնն օգտվում է պարենային օգնության կառավարական ծրագրերից:
Ինչի՞ վրա են հույս դրել: «Եվրոպան մի շարք գերակա շահեր ունի, որոնք մեզ հետ կամ ընդհանրապես կապ չունեն, կամ շատ թույլ կապ ունեն»:
«Օտար երկրների հետ հարաբերություններում մեզ համար գլխավորը առևտրային կապերի զարգացումն է և քաղաքական կապերի հաստատումից հնարավորին չափ խուսափումը: Եթե մենք պարտավորություններ ունենք, կկատարենք ազնվորեն և բարեխղճորեն: Բայց այսքանը և վերջ»:
Սա 1796 թվականին ասել է Ջորջ Վաշինգտոնը, և նրա ասածը կարծես լավ է ընկալել 2016-ից Սպիտակ տանը հանգրվանած Դոնալդ Թրամփը: Հիմա ենթադրություններից անցնենք մյուս մտադրություններին։
«Մենք ծրագրում ենք առաջարկել, որ այդ փողերը ծախսվեն հիմա և այստեղ»: «Ընդհանուր ուղերձը բավական ուղիղ է,- նշում են ամերիկյան փորձագետները, — ավելի քիչ փող ենք ծախսում արտասահմանում, ավելի շատ` այստեղ»:
Իսկ մեզ դրանից ի՞նչ: Ահա թե ինչ: Այդպիսի ֆինանսավորման դեպքում ամերիկացիներն ավելի դժվարությամբ կկարողանան պահպանել աշխարհով մեկ գործող բազմաթիվ կառուցվածքներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց գործունեությունը բխում է ԱՄՆ շահերից, և որոնք ոչ միշտ են համընկնում այն երկրների շահերի հետ, որտեղ ամերիկյան գումարներ են ներդրվում: (Հիշո՞ւմ եք Ջորջ Վաշինգտոնի ասածը` Ամերիկայի և այլ երկրների չհատվող շահերի մասին)։
Այն, ինչ լավ է Ամերիկայի համար, արդեն վաղուց լավ չէ մեզ համար, իսկ հաշվի առնելով այն անչափելի ծախսերը, որոնց նպատակը ստիպողաբար առաջընթացի հասցնելն է այն երկրներին, որտեղ ժողովրդավարությունը չեն ողջունում, ապա հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ի բյուջեի ճեղքվածն ավելի է մեծանում։ Թրամփը փորձում է փակել այդ ճեղքվածքը, բայց չի կարելի ասել, որ այդ նախաձեռնությունն ուղեկցվում է բուռն ու տևական ծափահարություններով:
Նախագահի վարկանիշը հիմա հասել է նոր ռեկորդի` 37 տոկոս: Թրամփի աշխատանքը չեն ողջունում ամերիկացիների 58 տոկոսը: Gallup-ը նշում է, որ ամերիկացիների տնտեսական վստահության ցուցանիշը նվազել է երեք կետով:
Սպիտակ տան առաջարկած բյուջեն լիբերալներն ընդունել են թշնամանքով։ «Ինչպես և սպասվում էր, ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները մեկը մյուսի հետևից բողոքել են ֆինանսավորման կրճատումից, որոշ կազմակերպություններ փակ ժողովներ են անցկացնում իրենց ապագայի վերաբերյալ», —հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Միաժամանակ, ըստ ոչ ամերիկյան լրատվամիջոցների, այդպիսի ֆինանսական քաղաքականությունը կօգնի ոչ միայն ԱՄՆ բյուջեին, այլև ուրիշ երկրների ներքին գործերին չխառնվելուն: Ինչն, ըստ էության, ոչ թե վատ է, այլ ավելի շուտ` լավ: