Մարիա Ավագյան, Sputnik
«Սկսեմ նրանից, որ Ինստիտուտն այենգար-յոգայի սիրտն ու հոգին է Պունա քաղաքում: Այնտեղ են այցելում բազմամյա փորձ ունեցող ուսուցիչներ և ուսանողներ: Ինստիտուտը 1975 թվականին հիմնադրել է յոգայի մեծ վարպետ Բ.Կ.Ս. Այենգարը: Նա ուսումնասիրել և մշակել է հնագույն տեխնիկան, որի արդյունքում ստեղծվել է այենգար-յոգան»:
Ինստիտուտի երեք հարկերը խորհրդանշում են միտքը, հոգին ու մարմինը: Այստեղ տարբեր լեզուներով գրված շուրջ 8000 անուն գիրք կա՝ փիլիսոփայության, մարդաբանության, ֆիզիոլոգիայի, ժամանակակից բժշկության, այուրվեդայի և այլն մասին: Ինստիտուտում անցկացվում են սովորական և հատուկ դասեր կանանց, երեխաների և առողջական խնդիրներ ունեցողների համար: Ուսուցիչներն Այենգարի ընտանիքի անդամներն են և Այենգարի դպրոցն անցած ավագ ուսուցիչները:
«Ինձ թվում է՝ Ինստիտուտում սովորելու մասին երազում են բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այենգար-յոգայով: 10 տարի դասավանդելուց հետո ես մեկնեցի Պունա, որտեղ դասընթացների մասնակցեցի այն հայտնի մարդկանց հետ, որոնց գրքերով ես սովորել եմ տարիներ շարունակ: Այնտեղ բոլորս աշակերտներ էինք՝ անկախ տարիքից կամ փորձից»,- նշեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ դասընթացներին մասնակցելու թույլտվություն ստանալու համար պետք է մի շարք պահանջների համապատասխանել՝ այենգար-յոգայով զբաղվել ավելի քան ութ տարի, կանոնավոր կերպով զբաղվել պրանայամայով, կատարել որոշ վարժություններ 8-10 րոպե, յոգայի ավագ ուսուցիչների երաշխավորագիր ունենալ և այլն: Միայն բոլոր այդ պահանջների կատարման դեպքում Ինստիտուտի աշխատակազմը մասնակցության հայտը կընդունի և կհրավիրի իրենց մոտ ուսուցում անցնելու:
«Իհարկե շատ հաճելի է, որ Հայաստանից ես առաջինն եմ, որն ուսում եմ ստացել Պունայի Ինստիտուտում: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է: Ինստիտուտում ձեռք բերած փորձն անգնահատելի է, իսկ ստացած տեղեկությունը «մարսելու» համար երկար ժամանակ է պետք: Եվ վերջապես, յոգան հասկանալու համար, պետք է հաճախել Ինստիտուտ, անձամբ ծանոթանալ և տեսնել հնդիկ ուսուցիչներին: Հենց նրանք են խորհրդանշում յոգան, իսկ գիտելիքներն ու փորձը պարզապես օգնում են նրանց լսարան ստեղծել, հնարավորություն են տալիս ուսումնասիրել մարդու կյանքն ու ինքնարտահայտման ազատությունը, ինչպես դա անում էր Պրաշանտ Այենգարը: Նաև հնարավորություն է տալիս ցույց տալ այն շարժումներն ու դիրքերը, որոնցով այդքան հայտնի է Աբիջահ Այենգարը: Իսկ նա այնքան գեղեցիկ է շարժման մեջ, որ երբեմն շունչդ կտրվում է, ամեն անգամ ակամա մտածում ես՝ նա այս ամենին հասել է բազմամյա աշխատանքի արդյունքո՞ւմ, թե՞ նրան բնությունն է օժտել»:
Շատ տարիներ առաջ Շուշանը ծանոթացել էր Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներից մեկի հետ, որը Գյումրու վերականգնողական կենտրոնում թերապևտ էր աշխատում: Պամելա Հոլմսը ֆիզիոթերապիա էր դասավանդում տեղի մասնագետների համար, յոգա՝ բոլոր ցանկացողների համար: Նա երազում էր յոգաթերապիայի դպրոց բացել Սան Ֆրանցիսկոյում:
«Առաջին դասերը շատ դժվար էին: Թվում էր՝ նման ֆիզիկական վարժություններն ինձ համար չեն, իսկ հիմա համոզված եմ, որ այդ մշակույթը պետք է սերմանել մանկուց: Միայն այդպես մարդու մոտ ցանկություն կառաջանա, միայն այդպես նա կկարողանա ճանաչել իր մարմինը, օրգանիզմը, միայն այդպես նրան հնարավոր կլինի ստիպել մտածել իր օրգանիզմի մասին կամ գոնե հետևել ֆիզիկական առողջությանը: Իրականում յոգան ինձ համար հերթական մարզաձև էր: Սակայն հանուն արդարության պետք է նշեմ՝ սա առաջին մարզաձևն էր, որն ինձ իսկապես հետաքրքրեց ու ես հասկացա՝ սա իմն է և երկար կմնա ինձ հետ»:
Ընդամենը մեկ տարի անց նա սկսեց դասավանդել, քանի որ արդեն այն ժամանակ մասնագետների` յոգայի ուսուցիչների պահանջարկ կար, իսկ լուրջ մասնագետներ երկրում չկային: 2007 թվականին ճակատագրական հանդիպում տեղի ունեցավ «Շունչ» յոգայի ստուդիայի հիմնադիր Լինդա Բաշիրյանսի հետ, որն ուզում էր Երևանում յոգայի կենտրոն հիմնել և բարձրակարգ մասնագետների կարիք ուներ: Նրա հրավերով Շուշանը մեկնեց ԱՄՆ` մասնակցելու կրթական դասընթացների: Հաճելի անակնկալ էր այն, որ դասընթացների նախաձեռնողը Բ.Կ.Ս. Այենգարի աշակերտ Ֆրանսուա Ռաուլն էր: Հաջողությունը նրան ժպտաց, քանի որ յոգայի տարբեր դպրոցներ կան, և դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե նա վերապատրաստման այլ դասընթացների մասնակցեր: Ասում է՝ փաստորեն իր երկրորդ մասնագիտության ընտրության հարցում ինքը գրեթե ոչ մի մասնակցություն չի ունեցել, բայց հիմա տասը տարի անց կարելի է վստահ ասել, որ նա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվել: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մասնագիտությունն է ընտրել մարդուն, ոչ թե հակառակը:
«Ուսուցչի կոչումն ինձ շատ է պարտավորեցնում, քանի որ, առաջին հերթին, դա ինքնակրթվելու անդադար գործընթաց է ենթադրում: Ես պետք է սովորեմ, որ կրթեմ մյուսներին: Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում այենգար-յոգայի ավագ ուսուցիչներ չկան, իսկ դա շատ ավելի մեծ հնարավորություններ կտար վերապատրաստման համար: Ես փորձում եմ տարին երկու անգամ արտասահմանում վերապատրաստման դասընթացների մասնակցել: Այս տարի Ռամամանի Այենգարի հիշատակին նվիրված յոգայի ինստիտուտում (RIMYI) Աբիջահ Այենգարը՝ Բ.Կ.Ս. Այենգարի ծոռնուհին, դասընթացներն անցկացնում էր թեստերի տեսքով: Նա խորհուրդ էր տալիս հետևյալը. «Նախ ուսուցիչն ինքը պետք է երեք անգամ իր վրա փորձարկի ամբողջ դասը, այնուհետև միայն այն դասավանդի աշակերտներին: Այսինքն ուսուցիչն իր վրա պետք է զգա դասը, և նախապես հասկանա, թե ինչ դժվարությունների կարող է բախվել աշակերտը»: