ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայամետ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը, երեկ օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովին կոչ է արել ավելացնել Արցախին ու Հայաստանին տրամադրվող օգնության չափը։ Այս մասին գրել է Asbarez-ը:
Իր ելույթի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրմանը: Հենց այս համատեքստում Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, իսկ դրա փոխարենը մեծացնել Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը:
Շիֆի առաջարկին արձագանքել է ANCA-ի գլխավոր գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ, հայ-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու համար, իրենք կշարունակեն համագործակցել օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի անդամների հետ: