ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Աննա Հարությունյան. 1988թ-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ըստ ԱԻՆ վիճակագրական տվյալների, զոհերի 9,3 և տուժածների 26,7%-ը երեխաներ են եղել, ավերվել է 84 դպրոց և 90 մանկապարտեզ: Դեռ 1988-ին շատ դպրոցների տնօրեններ նկատողություններ ստացան, որ փակել էին դռներն ու թույլ չէին տվել երեխաներին դպրոցներից դուրս գալ: Աղետից երեք տասնամյակ հետո մայրաքաղաքում փորձեցինք պատահականության սկզբունքով այցելել մի քանի դպրոցներ և պարզել` դասապրոցեսի սկիզբն ազդարարող զանգից հետո դռները բանալիներով փակվում են, թե՞ ոչ:
Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց այցելության ժամանակ դասերը դեռ ավարտված չէին: Դպրոցի մուտքի երկաթե դուռը բանալիով փակ էր, տևական ժամանակ դռան թակոցներին ներսից չէին արձագանքում, բայց մեր համառությունը ի վերջո արդյունք տվեց, մեզանից հետո դռանը մոտեցած աշակերտներից մեկը ցույց տվեց դուռն ավելի ուժգին թակելու իր տարբերակը:
Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դռները բաց թողնելու անհրաժեշտություն չի տեսնում: «Ճիշտն ասած, դպրոցը շատ դռներ չունի, ժամանակի ընթացքում դրանք փակվել են, մնացել է մուտքի հիմնական դուռը և ևս մեկը՝ դպրոցի հետևի մասում, որը անհրաժեշտության դեպքում տնտեսվարը կբացի: Բայց առհասարակ, երբ դասերը սկսվում են. դռները աշխատում ենք փակ պահել»,- ասաց նա:
Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց այցելեցինք դասերի ավարտին, երբ աշակերտներն արդեն դուրս էին գալիս դպրոցից: Աշակերտների մի մասն ասաց, որ դասերի ընթացքում դպրոցից դուրս գալու համար նախապես պետք է դիմեն ուսուցիչներին, մյուս մասը՝ որ դպրոցի գլխավոր մուտքը հիմնականում բաց է լինում:
«Մենք դպրոցի դռները բաց ենք թողնում, ընթացքում հնարավոր է` մի քանի րոպեով փակենք տվյալ պահին դպրոցում ստեղծված ինչ-որ իրավիճակից ելնելով, բայց կարգավորելուն պես բացում ենք: Առաջին հարկում ունենք նաև պահեստային դռներ, որոնք պարզապես հրելով հնարավոր է բացել»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը, ով նաև մեծ ոգևորությամբ պատմեց, որ փետրվարի 20-ին, դպրոցում տեղի է ունեցել հենց աշակերտների տարհանման ուսումնավարժանք:
Տպավորիչ պատասխաններ լսեցինք նաև Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներից: Նրանցից ոմանք մանրամասն պատմեցին արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների մասին և մեզ հուշեցին փրկարար ծառայության հեռախոսահամարը: Աշակերտներն ասացին, որ դպրոցի հիմնական մուտքը բաց է, իսկ լրացուցիչ դռները՝ փակ, որ երեխաները դասից փախչել չկարողանան: Դպրոցում կան անվտանգության աշխատակիցներ, ովքեր էլ անհրաժեշտության դեպքում բացում են դռները: Այս դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն ասաց, որ իրենց դպրոցի մուտքի հիմնական դուռը միշտ բաց է: «Ունենք նաև կողմնակի դռներ, որոնք նախատեսված են հենց արտակարգ իրավիճակների համար, դրանք փակ վիճակում են, բայց յուրաքանչյուր հարկի տեխնիկական աշխատողներն ունեն դրանց բանալիները: Իրենք գիտեն, թե ինչպես պետք է նման իրավիճակներում արագ բացեն դռները և կազմակերպեն երեխաների տարհանումը»,- ասաց տնօրենը:
Այս թեմայով զրուցեցինք նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Թերեզա Դիլբարյանի հետ, ով ասաց, որ հրդեհային անվտանգության կարևոր կանոններից է, որ դպրոցների դռները պետք է ամբողջ ուսումնական գործընթացի ժամանակ բաց լինեն:
«Ինչ վերաբերում է պահեստային դռներին դրանք կարելի է ներսից շատ սիմվոլիկ փակել, որ մոտեցողը կարողանա հեշտությամբ բացել ու դուրս գալ: Առհասարակ, երբ խոսում ենք տարհանման մասին, առաջնային և երկրորդական դռներ չկան, ցանկացած դուռ և նույնիսկ պատուհան տարհանման ուղի է»,- ասաց Թերեզա Դիլբարյանը:
Տիկին Դիլբարյանը խնդիր է համարում նաև ճաղավանդակներով փակված պատուհանները, հատկապես առաջին հարկերում, որտեղ, որպես կանոն, պարապում են տարրական դասարանների աշակերտները: Մեր զրուցակիցը պատմեց, որ ինքը դպրոցներում հաճախ է նկատում նաև տարհանման ուղիների արգելափակման դեպքեր, երբ միջանցքներում ուղեգորգեր և ծաղկամաններ են տեղադրում, կամ դռների վերևում լուսավորող սարքեր, ժամացույցներ կամ նկարներ են կախում: