ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների հետ կապված դեպքը տեղի է ունեցել Ջրառատ գյուղում:
«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից և գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին»,- հայտնել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով` ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:
«Այս պահին իրավիճակին ծանոթանալու նպատակով Ջրառատում են գտնվում գեներալ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Էջմիածնի քաղմաս են այցելել դաշինքի անդամ հանդիսացող պատգամավորները»,- նշել է Մանուկյանը։
Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն և օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին:
Մանուկյանի խոսքով` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբն այս դեպքի առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ: