Sputnik Արմենիան հյուրընկալել է հայտնի երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինին, որը պատմել է, թե ինչպես է վերաբերվում կյանքին, ինչ է իր համար հայրենիքը: Զրուցել է Կարեն Ավետիսյանը:
-Պարոն Նամին, սովորաբար կենսագրություն գրելիս ընդունված է կյանքը բաժանել մի քանի փուլի: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքի ներկա փուլը:
— Տարիքի տեսանկյունից՝ բլրից ներքև: Դե, 65 տարին արդեն շատ է; Թեև աղջիկներն այդպես չեն կարծում:
-Վերջին երկու տասնամյակը չի՞ ասոցացվում արդյոք ազատության հետ, այն ամենի հետ, ինչի կարիքը զգացել եք խորհրդային տարիներին:
— Ես արգելված եմ եղել խորհրդային շրջանում: Դա ոչ մի կերպ կապված չէ ստեղծագործության հետ: Ավելի շուտ դա կապված է կյանքի և հարմարավետության հետ: Ես իմ ստեղծագործության մեջ երբեք ուշադրություն չեմ դարձրել գրաքննությանը:
- Կողքից տպավորություն է ստեղծվում, որ տարիների հետ Ձեր երջանկությունը կրկնապատկվում է: Այդպե՞ս է:
— Այո… Հավանաբար այո: Դա կապված չէ քաղաքական կամ սոցիալական իրավիճակի հետ: Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, ապա դրան նվիրված բոլոր տարիներն էլ հետաքրքիր են եղել: Աստված տա՝ ես դեռ ժամանակ ունենամ ստեղծագործելու համար: Ինձ թվում է՝ այսօրվա դրությամբ ես իմ կյանքում կարողացել եմ ինչ-որ բան գիտակցել, ինչ-որ բաների հասնել: Ինքնարտահայտման այն հավասարակշռությունը, որն ինձ հաջողվում է ձևավորել արվեստի տարբեր լեզուներով, հոգեհարազատ է ինձ: Ինձ համար հետաքրքիր է դրանով զբաղվելը: Այսինքն, դրա վրա հսկայական ժամանակ է ծախսվում:
- Եթե հոդված գրվի Ձեր և Ձեր գործունեության մասին, ապա այն կարելի էր անվանել «Պայքար մահվան դեմ»: Թվում է, թե Դուք ամբողջ կյանքի ընթացքում պայքարում եք մահվան դեմ և տարբեր գործիքներ ունեք, Ձեր յուրաքանչյուր ժանրն անմահություն տանող ևս մեկ աստիճան է:
— Չգիտեմ, ես այս ամենն ուրիշ կերպ եմ պատկերացնում: Ընդհանրապես ես հանգիստ եմ վերաբերվում մահվանը և չեմ պատրաստվում պայքարել դրա դեմ: Ինչ վերաբերում է արվեստին, ապա դա ինձ համար ավելի շուտ խաղ է:
Դե, պետք է ինչ-որ բանով զբաղվես, քանի դեռ ողջ ես: Ինձ հետաքրքիր թվաց այդ գեղեցկությունը որոնելը և այն յուրովի ձևավորելը, որովհետև մեր կյանքում գեղեցկությունից և սիրուց բացի, ուրիշ ոչինչ գոյություն չունի: Ամեն դեպքում՝ ինձ համար: Ուստի ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ կլինի իմ մահից հետո: Նկատի ունեմ՝ իմ կյանքի հետ: Այն կլինի բոլորովին այլ մակարդակում: Ինձ համար կարևոր չէ պատմության մեջ մնալը: Ես կարծում եմ, որ հասարակական կարծիքը սադրանք է մարդկային հոգու համար:
Դա սադրում է, որ դու դադարես հասկանալ, թե ինչպես է կառուցված կյանքը: Իրականում հայտնի լինելը գրոշի արժեք ունի: Ցանկացած մարդու կարելի է հայտնի դարձնել: Դրա հետ մեկտեղ շատ արժանի մարդիկ կան, որոնք հայտնի չեն դարձել, բայց նրանք բազմաթիվ հայտնի մարդկանցից արժանավոր են:
- Օրական քանի՞ ժամ եք քնում և ի՞նչ երազներ եք տեսնում, եթե գաղտնիք չէ:
— Երազներս գրեթե չեմ հիշում: Սովորաբար քնում եմ վեց ժամ, բայց երբ պետք է մեկնեմ տարբեր երկրներ (հիմա ես երկու ամիս շարունակ պտտվել եմ ամբողջ աշխարհում, եղել եմ Ամերիկայում, Կուբայում), ապա ընդհանրապես չեմ կարողանում քնել: Առաջ ես կարող էի 2-3 օր չքնել, և ամեն ինչ նորմալ էր: Իսկ հիմա, եթե մեկ օր չեմ քնում, շատ ծանր եմ տանում:
Տարբեր տեղեր մեկնելը դժվար է: Ընդհանրապես ես ինձ հիանալի եմ զգում, վերջին 40 տարում չեմ հիվանդացել:
- Պարոն Նամին, խոսենք «կոսմոպոլիտ» բառի նշանակության մասին: Այդ բառն անմիջականորեն ասոցացվում է Ձեզ հետ: Ի՞նչ է Ձեզ համար քաղաքացիությունը, հայրենիքը, հայրենասիրությունը:
— Իսկապե՞ս: Ես չգիտեմ՝ ինչ է կոսմոպոլիտը: Յուրաքանչյուրը յուրովի է հասկանում այդ բառը: Ինչ վերաբերում է քաղաքացիությանը, հայրենիքին և հայրենասիրությանը, ապա այդ բառերն ինձ համար ինտուիտիվ երևույթներ են: Եթե իմաստավորեմ, ապա ինձ համար հայրենիքը երկրագունդն է: Երկիր մոլորակը հենց մեր հայրենիքն է: Իսկ ինտուիտիվ, եթե ինձ հարցնեն, թե ինձ համար միևնույն չե՞ն Հայաստանը կամ Թուրքիան, ապա այդ դեպքում ես կասեմ, որ ոչ:
Չեմ կարող բացատրել, Հայաստանը հարազատ է, իսկ Թուրքիայից սիրտս խառնում է: Նրանք ագրեսիվ են, զավթում են ուրիշի հողերը և սպանում մարդկանց: Իհարկե, Թուրքիայում էլ կան կարգին մարդիկ: Ես նկատի ունեմ քաղաքականությունը, որը վարում է այդ երկիրը: