«Ժողովուրդ». Սեդրակյանը կարող է վերադառնալ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանին:
«Թե ինչ են զրուցել և ինչ որոշման հանգել հանդիպման ընթացքում, պարզել չհաջողվեց: Միայն նկատելի է եղել, որ Սեդրակյանը նախագահի նստավայրից դուրս է եկել բավականին բարձր տրամադրությամբ»,- գրում է թերթը:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային թեկնածուների ցուցակներում Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը չկար:
Ու տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակյանը նեղացած է ՀՀԿ-ից և որոշել էր սատարել «Ծառուկյան» դաշինքին, պետք է ռեյտինգային թեկնածուներից լիներ Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Սակայն Դավիթ Սեդրակյանը չառաջադրվեց նաև «Ծառուկյան» դաշինքով:
Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցակներում 48 ժամ ճշգրտումներ անելու հնարավորություն է տալիս, և այդ ժամկետն էլ դեռ չի սպառվել, ապա կարող ենք հետաքրքիր զարգացումների սպասել. պատգամավորի բարձր տրամադրությունը թերևս դրա ապացույցն է:
«Ժամանակ». Վիկտոր Դալլաքյանի մեղայականը
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։
Որպես առանցքային միջնորդ դիտարկվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի հետ Դալլաքյանն ունի վաղեմի ընկերական հարաբերություններ։
Դալլաքյանը Սերժ Սարգսյանի հետ հաշտվելուց հետո չի ակնկալում վերադառնալ պետական աշխատանքի, պարզապես ուզում է հասկացնել, որ նպատակ չունի նրան վնասել։
«Ժամանակ». Արդյո՞ք կձերբակալվի նախկին նախարարը
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։
Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել: Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում և բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»:
«Հրապարակ». Արարատում սպասվում են «մարտեր առանց կանոնների»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձևի։ Այստեղ ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն է, այլև ՀՀԿ-ականներն իրար դեմ են ելել։
Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում և հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։
Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաև Արտաշատում։ Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ, ամեն երեկո այստեղ մեքենաների շարասյուն է կանգնում։
Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ Թույների Մհերի որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից»:
«Հայկական ժամանակ». Հեռախոսներ քվեի համար
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաև համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր և թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու:
Միհրան Պողոսյանը պայքարելու է Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում:
Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետն ընտրողներին նախապես բջջային հեռախոսներ է տալիս և պատվիրում դրանցով նկարել քվեարկած քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո ընտրողը եթե ցույց տա նկարածը, որ Մ. Պողոսյանին է ընտրել, այդ բջջային հեռախոսը կմնա իրեն:
Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը: Պողոսյանի գրասենյակից պատասխանեցին. «Բակային զրույցների» ձևաչափի տեղեկությունները կամ մասնավոր բնույթի անհիմն ֆեյսբուքյան գրառումները գրասենյակը չի մեկնաբանում»:
«Հրապարակ». Օսկանյանը լավ չի զգում իրեն Բաբայանի միջավայրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենևին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի և նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»:
Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս գա քաղաքականությունից: Իսկ եթե «Համախմբումն» անցնի խորհրդարա՞ն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Կարծում եմ՝ մանդատը վայր կդնի»:
«Հայկական ժամանակ». Ո՞ւր է 1 միլիարդը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետևող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել: Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով:
Եթե շատ կոպիտ ու պատկերավոր նկարագրենք, միայն անցած տարի տնտեսության մեջ պետք է ներարկված լիներ լրացուցիչ մոտ մեկ միլիարդ դոլար, որն էլ պետք է էականորեն աշխուժացներ մեր տնտեսությունը:
Ներարկումը եղել է, բայց աշխուժացում չկա: Թե ինչ են եղել այդ գումարները, այնքան էլ հասկանալի չէ: Դրա մի փոքր մասը, իհարկե, գնացել է սպառմանը, ասենք, սպառողական վարկերի տեսքով` մարդիկ վարկ են վերցրել ու հեռուստացույց կամ սառնարան գնել: Բայց դա մի չնչին մասն է:
Կան կարծիքներ այն մասին, որ մի զգալի գումար ուղղակի դուրս է եկել Հայաստանից և ներդրվել այլ երկրներում: Օրինակ, մարդիկ բանկում գրավ են դրել իրենց անշարժ գույքը, վարկ վերցրել ու ասենք հյուրանոց են կառուցում Վրաստանում: Ընդհանրապես, մեր բանկային համակարգի տվյալները տարօրինակ անհամապատասխանության մեջ են տնտեսական իրավիճակի հետ»: