ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը 2018-2019 թվականներին կարող է Հայաստան մատակարարել ռուսական արտադրության Sukhoi Super Jet-100 երկուսից չորս ինքնաթիռ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության նիստի ընդմիջման ժամանակ հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
Նախարարը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Sukhoi Super Jet-100 ինքնաթիռների ձեռք բերման հարցում, Ռուսաստանն իր հերթին է շահագրգռված այդ նախագծում։ Խոսքը, ըստ Մանտուրովի, 5 տարվա ընթացքում ոչ ավել, քան տասը միավոր տեխնիկայի մատակարարման մասին է, սակայն կարելի է սկսել 2-4 ինքնաթիռներից։
«Եթե այս տարի մենք հստակ ծրագիր կազմենք և լուծում գտնենք, ապա արտադրման ժամանակը հաշվի առնելով, լավագույն դեպքում դա տեղի կունենա 2018 թվականի վերջին և 2019-ի թվականի սկզբին։ Սակայն կարծում եմ, որ 2019 թվականն ավելի իրատեսական է»,- նշել է Մանտուրովը։
2011 թվականին Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ստացավ առաջին «Sukhoi Superjet-100» ինքնաթիռը, սակայն 2014 թվականին «Արմավիան» սնանկ ճանաչվեց։ Հունվարին հայտնում էին, որ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են SSJ-100 հիմքով ավիաընկերության ստեղծման մասին։ Այժմ Հայաստանում գործում է միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որը հիմնադրվել է 2016 թվականին։ Այն սկսել է չվերթեր իրականացնել անցյալ տարվա կեսերից։ Sukhoi Superjet 100 (SSJ100)-ը ռուսաստանյան մերձմագիստրալային ուղևորատար օդանավ է, որը նախատեսված է մինչև 98 ուղևոր տեղափոխելու համար՝ մինչև 4,4 հազար կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 2008 թվականի մայիսին, կոմերցիոն շահագործման է հանձնվել 2011 թվականին։ Այն հավաքվում է Ամուրի Կոմսոմոլսկում։