ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Նշվում է, որ Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող պետության կամ հաստատության համար:
«Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նվիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»,-ասված է ԼՂՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ներկայացված մեղադրանքների համար նրան կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ, որից հետո փետրվարի 7-ին Լապշինին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու։