ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Թևան Պողոսյանն առայժմ կողմնորոշվել է միայն մեկ հարցում. ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում իր անունը չի լինի: Մնացած բոլոր քաղաքական ուժերի և նախընտրական դաշինքների առաջարկների շուրջ պատգամավորը կմտածի: Այս մասին այսօր ԱԺ պատգամավորը հայտնեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես ունեմ իմ գնահատման համակարգը: Առաջինը Հայաստանի զարգացման այն տեսլականն է, որ ես պետք է կիսեմ, երկրորդը՝ այն գործողությունների ծրագիրն է, որը պետք է լինի ընթեռնելի, հասկանալի և ոչ թե մեկ նախադասությամբ, գեղեցիկ լոզունգի վրա հիմնված և երրորդ՝ գլխավոր կոմպոնենտը լինելու է այն թիմը, որտեղ կներկայացվեն ոչ միայն ԱԺ ապագա պատգամավորները, այլև գործադիրի անդամները»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով` քաղաքական ուժը, Թևան Պողոսյանի կարծիքով, պետք է պատրաստ լինի նաև երկրի ամբողջ իշխանության քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու:
«Պատկերացրեք. մի քաղաքական ուժ ասում է՝ մենք ընդամենը 15 հոգի ենք առաջադրում: Հիմա այդ 15-ը պատգամավոր են լինելու, թե՞ գործադիր մարմնում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ընտրության գնացող թիմը պետք է նաև ընտրողին ներկայացնի, թե հաղթանակի պարագայում ում է տեսնում գործադիր իշխանության այս կամ այն պաշտոնում:
Իշխող ՀՀԿ-ից բացի այլ քաղաքական ուժ, Թևան Պողոսյանի գնահատմամբ, իր կադրային քաղաքականությունն ամբողջությամբ դեռ ընտրողներին չի ներկայացրել: Հանրապետականն այս անգամ էլ ընտրողին կներկայանա թղթին հանձնված ամենագեղեցիկ ծրագրով: Այլ հարց է, որ այդ ծրագիրը, ինչպես վկայում է անցած 15 տարիների փորձը, Թևան Պողոսյանի խոսքով, իրողություն չի դառնում:
2012թ.-ից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ունի նաև իր երազած ԱԺ-ի տեսլականը, որը մեծապես տարբերվում է ներկա խորհրդարանից:
«Եթե պատկերացնենք այսօրվա Սահմանադրությամբ ներկայացված թվերով՝ 101+4, ապա այդ բոլորին մենք ոչ միայն դեմքով ենք ճանաչելու, կամ մականուններով, այլ իրենց ասած մտքով, խոսքով, արժեքով, ձայնով»,- ասաց նա: Թևան Պողոսյանը կցանկանար նաև սերնդափոխված, երիտասարդացած խորհրդարան տեսնել:
Իսկ ապագա խորհրդարանում պատգամավորական մանդատ չստանալու հեռանկարը Թևան Պողոսյանին չի վախեցնում: Պատգամավոր չլինելը, նրա խոսքով, չի նշանակում, թե կյանքն ավարտվեց: Պատգամավորը վստահեցնում է, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն՚ վերադառնալն իր համար ավելի հաճելի զբաղմունք կլինի, քան պատգամավորի գործունեությունը: