ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ակտիվացման և երկաթուղային տրանսպորտի մրցակցության մակարդակի բարձրացման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին: Նման իջեցումը հնարավոր էր դարձել ՀԿԵ-ի կողմից նշված լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ տարված բանակցությունների շնորհիվ:
Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով: Զեղչերը տարբերակված են. բեռների համար հաստատվելու են տարբեր գներ: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով: Օրինակ, պեռլիտի մեկ վագոնի լաստանավային փոխադրման գինը կկազմի 1 հազար դոլար, իսկ հյութի կամ հանքային ջրի համար այն կկազմի 1,3 հազար դոլար:
Նշեմ, որ առաջ լաստանավով ցանկացած տեսակի բեռի մեկ վագոնի փոխադրման սակագինը կազմում էր 5 հազար դոլար, — ասաց «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը: Նվազելու են, մասնավորապես, հացահատիկի, անասնակերերի, սպիրտի և կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի և հանքային ջրերի փոխադրման սակագները:
Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները ավտոմոբիլայինների հետ համեմատ էապես էժանացել են, դրանք ավելի անվտանգ են ու հուսալի: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվելու են ամիսը 3 անգամ՝ ըստ չվացուցակի:
Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար: