ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի-Sputnik. Միգել Արարասը իսպանացի գործարար է, ներկայացնում է «Աքսիոնա էներջի» ընկերությունը։ Նա պատրաստվում է Հայաստանում մասնակցել Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում կառուցվելիք արևային առաջին կայանի հայտարարված մրցույթին։
«Մենք երկարաժամկետ ներդրող ենք, առնվազն 25 տարով նախատեսում ենք նեդրումներ անել։ Մոտ 200 միլիոնի մասին է խոսքը»,-ասաց Արարասը։
Գործարարը նշեց, որ արդեն 1 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում և գիտի` սա վստահելի երկիր է։ Միգել Արարասի ներկայացրած ընկերությունն աշխատում է աշխարհի 40 երկրում, շեշտում է` աշխարհն անցնում է վերականգնվող էներգետիկային, որը մաքուր է և ապահով։ Հիմա էլ մրցունակ է դարձել` սակագների տեսանկյունից։
«Արևային էներգիան վստահելի է ու էժան, առանց հետագա լրացուցիչ ծախսերի։ Ձեր երկիրը բաց է այս թեմայով, իսկ վարչակազմը տրամադրված է օգնել։ Մենք հավատում ենք, որ այստեղ կարող ենք հաջողության հասնել։ 1 տարի է, ինչ կառավարության հետ բանակցում ենք, այն, ինչ մեզ ասել են, մեզ մտքի խաղաղություն է տալիս»,-ասաց նա։
Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է կանադական ընկերություններից մեկի հայաստանյան ներկայացուցիչը` «Էկովիլ» ՍՊԸ-ն։ Տնօրեն Տիգրան Օխանյանը պատմեց` զբաղվում են արևային համակագերի տեղադրմամբ, սպասարկմամբ, նախագծմամբ և խորհրդատվությամբ. ունեն երկու ոլորտ ` արևային էլեկտրական համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ։
«Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից փոքր շուկա է, բայց այն կարող է դիտվել որպես ռեգիոնալ զարգացման սկիզբ։ Քանի որ տեխնոլոգիայի գներն իջնում են, շատ սպասելի է, որ տարիներ հետո նույնիսկ Վրաստանը, որտեղ արևային ճառագայթման մակարդակն ավելի ցածր է, ևս կանցնի արևային համակարգերին»,-ասաց նա։
Նրա խոսքով` արևային տեխնոլոգիաները չեն սիրում էքստրեմալ ցուրտ և էքստրեմալ շոգ եղանակներ, որովհետև 25-ից բարձր ջերմաստիճանի դեպքում ՕԳԳ-ն նվազում է։ Բայց Հայաստանն ուն ի նաև առավելություններ` օդի մաքրություն և ճառագայթման բարենպաստ մակարդակ։
«Արևային պանելներն ունեն գործարանային 20 տարվա երաշխիք։ Այդ 20 տարվա ընթացքում պետք է էֆեկտիվությունը քիչ նվազի` առավելագույնը 15 տոկոս»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ արևային էներգիայի աղբյուրներին նախապատվություն է տրվում պետական մակարդակով։ Դեռևս հունվարի 25-ին էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին նվիրված համաժողովի ընթացքում, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց, որ ոչ արդյունավետ հին կայանները դուրս են գալու շահագործումից: Օրինակ` եթե խոշոր ներդրողներ չհայտնվեն, շուտով շրջանառությունից դուրս կգա 40-ամյա Հրազդան ջէկ-ը: