ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի գործի նախաքննության ընթացքում աղաղակող խախտումներ չեն եղել, բայց առաջին իսկ օրվանից նկատվել է այս գործով անցնող անձանց նկատմամբ անիմաստ դաժանություն: Այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում լրագրողներին հայտարարեց Հովհաննես Պետրոսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Հովհաննես Պետրոսյանի դեպքում ստացվել է այնպիսի վիճակ, որ կալանավորվել է ընտանիքի միակ կերակրողը, ով ունի անչափահաս երեխա, կին և տարեց մայր,- ասաց փաստաբան Մկրտչյանը՝ հորդորելով իրավիճակը գնահատել ոչ թե քաղաքական, այլ զուտ մարդասիրական տեսակետից,– փաստորեն մայիսի 31-ից առ այսօր՝ 8 ամիս, անձը գտնվում է կալանքի տակ, և իր ընտանիքն ընդհանրապես զրկված է ապրուստի որևէ միջոցից»:
Հովհաննես Պետորսյանի ընտանիքի վիճակն էլ ավելի է ծանրացել, երբ նրա մայրը երկու անգամ ուղեղի կաթված է տարել և հիմա, անկողնային վիճակում, մնացել է առանց անհրաժեշտ բուժօգնության:
Sputnik Արմենիան այցելել է Պետրոսյանների բնակարան ու զրուցել նրա մորաքրոջ հետ, ով այժմ միակն է, որ ինչ-որ չափով կարողանում է օգնել ծանր սոցիալական պայմաններում հայտնված ընտանիքին ու խնամել անկողնային տարեց կնոջը:
«Ընտանիքի միակ հույսը, աշխատող ձեռքը Հովիկն է եղել, որ հիմա բանտում է: Այս հիվանդին տնային պայմաններում բուժել հնարավոր չէ: Զանգահարել ենք շտապ օգնություն, եկել են և ասել, որ մուծումներ պետք է անենք, հնարավորություն չունենք մուծելու: Արդեն երրորդ օրն է, որ երեխայի համար ո՛չ կաթ ենք կարողանում գնել, ո՛չ մածուն: Հնարավորություն չունեն ապրելու, անհնար է, տանջանքով, չարչարանքով, հարազատների, հարևանների օգնությամբ մի կերպ գոյատևում են»,- պատմում է կալանավորված Հովհաննես Պետրոսյանի մորաքույրը:
ՔԴՕ 140-րդ հոդվածով նախատեսված է, որ եթե վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անաշխատունակ անձինք մնացել են առանց խնամքի և ապրուստի միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավոր է ապահովել վարույթն իրականացնող մարմինը: Օրենքի այս դրույթը, սակայն, Պետրոսյանների ընտանիքի նկատմամբ չի կիրառվում: Իսկ փաստաբանի միջնորդությունները՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, դատարանը պարբերաբար մերժում է:
«Ես ասել եմ, որ այս երեխան ուտելու կարիք ունի, ասել եմ, որ այս 140 հոդվածով դուք պարտավոր եք պետական բյուջեից աջակցություն տրամադրել: Դատարանում ես այս հարցը բարձրացրել եմ, մի անգամ նույնիսկ դատավորին ասացի՝ դուք կին եք, դուք գիտեք, թե սոված երեխան ինչպես է լաց լինում: Այնպիսի տպավորություն է, որ քեզ չեն լսում: Ու յուրքանչյուր որոշում կայացնող ասում է՝ «դե, գիտեք այս գործով…» ու աչքերը վեր է բարձրացնում»,- ասում է Հովհաննես Պետրոսյանի շահերի պաշտպանը:
Իշխող հանրապետական կուսակցությանն անդամակցող փաստաբանն անթույլատրելի է համարում այս քրեական գործին քաղաքական աստառ տալը և ուզում է հավատալ, որ գոնե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գլխավոր դատախազությունում կորոշեն փոխել Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, հատկապես, որ, փաստաբանի խոսքով, նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին, և գործն առաջիկայում կուղարկվի դատարան: