Մենք սկսեցինք սար բարձրանալ Սևաբերդից: Մեր հետևից եկան տեղի երկու շուն: Քնաթաթախ, հորանջելով՝ նրանք նոր էին դուրս եկել ինչ-որ ցախատնից և զարմացած զննում էին անծանոթներին՝ մի քանի անգամ ձևի համար հաչելով: Նրանց կանչեցինք մեզ մոտ: Մեկին, որի գլուխը սպիտակ էր՝ հազիվ նկատելի գծերով, կոչեցինք Թասման: Արմենն ասաց, որ շան մոտ առկա են այդ ցեղատեսակին բնորոշ գծեր: Մյուսը նման էր շագանակագույն հասկիի: Ճանապարհին մենք նրան կոչեցինք Ռիժիկ, իսկ հետդարձին՝ Կորկա: «Նա ոչ մի Ռիժիկ էլ չի,-վրդովված ասած Արմենը: Կորկա, որովհետև նա շագանակագույն է»: Կորկա, ուրեմն Կորկա:
Գեղամա լեռնաշղթայի շրջանում, հատկապես ձմռանը, գայլեր շատ կան: Քաղցած: Ուստի Ասյան կատակեց. «Պատկերացնու՞մ եք, բարձրանում ենք գագաթ, իսկ գայլերը խարույկ են վառել ու մեզ են սպասում»: Ծիծաղեցինք ու մոռացանք: Առավել ևս, որ մեզ մոտ վազվզում էին Թասմանն ու Կորկան: Կորկան պարբերաբար գլուխը թաղում էր չոր ձայն մեջ՝ փորձելով ինչ-որ մի բան գտնել ու բռնել, միաժամանակ ծիծաղելի պտտում էր պոչը՝ կարծես ձյունաթումբ հորատելով: Երբ Թասմանի երախում հայտնվեց ծվծվացող մուկ, մենք հասկացանք, թե ինչ էին որսում: Ես որոշեցի հավերժացնել այդ պահը և հանեցի հեռախոսս: Թասմանը շեղվեց, բաց թողեց մկանը, որին անմիջապես կուլ տվեց Կորկան և անմեղ հայացքով մոտեցավ ինձ:
Մինչ այդ մենք խղճում էինք փոքրիկ շանը, թե իբր մեծը գռմռում է նրա վրա՝ խանդի պատճառով (մենք շոյում էինք Թասմանին, տաքանում՝ հպվելով նրա մեծ ու տաք մարմնին, դրանից հետո նա չէր թողնում, որ իր մրցակիցը մոտենա մեզ): Իհարկե, մենք կերակրում էինք մեր ուղեկիցներին՝ նրբաբլիթներ, խաչապուրի և գաթա: Եվ միայն Թասմանի և Կորկայի երախներում հայտնված մանդարինների կատակը չհասկացանք:
Այսպես, խաղալով և ձյան մեջ թաղվելով՝ մենք հասանք մեր նպատակակետին՝ Գեղմաղան լեռան ստորոտ: Եղանակի տեսությունը մեզ կրկին խաբեց: Արևն այդպես էլ չերևաց: Երկինքը ծանր էր ու մռայլ: Տեղ-տեղ ուժեղ քամի էր փչում և մրրկում: Բայց տեսարանները հեքիաթային էին. մի կողմից Հատիսն էր, որի հետևում Արան էր, իսկ Արայի հետևում՝ Արագածը, կողքին՝ Գութանը, իսկ մյուս կողից՝ Ակնան և Շամփրան:
Լեռան ստորոտին պետք էր որոշում կայացնել. արդեն ժամը 14:00-ն էր, եղանակը փչանում էր, քամին՝ ուժեղանում, ամպեր էին կուտակվում, մինչև գագաթ մնացել էր ժամ-ժամուկեսի ճանապարհ, իսկ մթով վերադառնալ չէինք ուզում: Կարող էինք հեշտությամբ դառնալ քաղցած գայլերի ընթրիքը: Ձյունը շատ էր, որոշ տեղերում մինչև ականջները խրվում էինք ձյան մեջ: Շները սպասում էին, թե մենք երբ կկողմնորոշվենք և պառկել էին ձյան վրա՝ ցրտից ծալելով թաթերը, նրանց մորթին պատվել էր եղյամով: Մենք որոշեցինք բարձրանալ Սեղան լեռան գագաթ (3220 մետր), իսկ Գեղմաղանը թողնել մյուս անգամ և իջնել գյուղ:
Սեղան լեռն իսկապես նման է մեծ սեղանի: Շները խաղում էին ձայն մեջ, թավալվում: Արմենը հանկարծ հարցրեց. «Քա՞ր է շարժվում, թե ինչ-որ մեկը»: «Շարժվում է», — հաստատեց Ասյան: Ես ոչ մի բան չէի տեսնում, մինչև մշուշից չերևացին երկու խաղացող գայլերը: Այո, երկու գայլ, հավանաբար, շատ երիտասարդ, որոնք մեր շների նման խաղում էին ձյան մեջ՝ մեզանից 150 մետր հեռավորության վրա: Երբ մառախուղից դուրս եկավ երրորդ գայլը, հետո՝ չորրորդը, մենք հասկացանք, որ շտապ պետք է հեռանալ: Բացառված չէր, որ գայլերն ավելի շատ լինեին…
Բայց հեռանալու տեղ չունեինք: Հետևում Գեղմաղան լեռն էր, առջևում՝ շատ թեք ժայռ՝ պատված ձյունով, գայլերը կանգնած էին այն ճանապարհին, որով մենք պետք է իջնեինք: Արմենը հանեց դանակը՝ մեր միակ զենքը: Թեև ոչ, մենք ունեինք երեք դանակ և հարթաշուրթ:
Մենք արագ կողմնորոշվեցինք և իջանք ժայռոտ լանջով՝ մեր հետևից բերելով մեծ ձնահոսքեր: Մենք գնում էինք՝ անընդհատ հետ նայելով: «Գայլերը թիկունքից են հարձակվում», — ասաց Արմենը:
Ես հիշեցրեցի, որ ավելի լավ է նայել նրանց աչքերի մեջ, չկորցնել կապը, իսկ երբ շրջվում ենք, գայլերի մոտ գործում է գիշատչի բնազդը և նրանք կարող են հարձակվել զոհի վրա: Լավ է, որ գագաթին քամին փչում էր գայլերի կողմից դեպի մեզ վրա՝ ձայները մյուս կողմ տանելով: Զարմանում էի՝ շները չէին զգացել գիշատիչների ներկայությունը, իսկ նրանք՝ շների:
Մենք երկար գնացինք՝ ձյան մեր խրվելով: Հովիտը փակել էր մառախուղը, անհետացել էր մեր կողմնորոշիչը՝ Հատիսը: Միայն մի պահ լեռը բացվեց, ու մենք հասկացանք, որ ճիշտ ենք գնում: Բազմաթիվ արշավների ժամանակ հղկված ինտուիցիան չխաբեց մեզ: Շները, զգալով, որ մենք վերադառնում ենք հարազատ գյուղ, առաջ ընկան ու վազեցին Սևաբերդի ուղղությամբ:
Հետաքրքիր է, որ երբ վերև էինք բարձրանում, Թասմանը և Կորկան մեր կողքից կամ հետևից էին վազում, չէ որ նրանք չգիտեին, թե ուր ենք գնում և ինչ ենք ուզում, ուղղակի ուղեկցում էին, իսկ երբ հետ էինք գալիս, հստակ ուղեկցում էին դեպի գյուղ:
Մեքենայի մեջ նստած՝ մենք հիշեցինք, որ մեզ հետ շամպայն էինք վերցրել, որպեսզի նշենք հերթական սար բարձրանալը: Ոչինչ, կխմենք մյուս անգամ, Աստված տա, վերջին գագաթը չլինի: